ՀՀ Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը միացել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության նախաձեռած «Միացի'ր աշխարհում առաջին անգամ անցկացվող հակաբիոտիկների մասին իրազեկման շաբաթ» համաշխարհային քարոզարշավին: Ծառայությունը նոյեմբերի 16-ից 22-ը իրազեկման աշխատանքներ կիրականացնի սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության ուղղություններով: Հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունությունը արդի եւ գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլեւ անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստել է իրազեկման ծրագիր, որի շրջանակներում սահմանվել են իրազեկման գործողությունները, ինչպես նաեւ շահառու խմբերը՝

    ա) համայնքային անասնաբույժներ, անասնաբուժական ծառայություն մատուցող այլ անձինք

    բ) անասնաբուժական դեղատներ

    գ) անասնապահական եւ թռչնաբուծական ֆերմաներ, ձկնաբուծարաններ

    դ) մսամթերք եւ կաթնամթերք արտադրող կազմակերպություններ

    ե) հանրային սննդի ծառայություն մատուցող տնտեսավարողներ՝ ներառյալ նախակրթական եւ կրթական հաստատությունները

Ծառայության աշխատակիցները բոլոր մարզերում կներկայացնեն հակամանրէային դեղերի նկատմամբ մանրէների կայունության արդի խնդիրներն ու մարտահրավերները, նաեւ՝ կանխարգելման ուղիները: ՍԱՊԾ-ի նախաձեռնությամբ տպագրվել են բուկլետներ (1200 տպաքանակ), որոնք քարոզարշավի շրջանակներում կտրամադրվեն շահառուներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-22-ին աշխարհում նշվում է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման համաշխարհային շաբաթը, որի գլխավոր նպատակը հակաբիոտիկների դեմ դիմադրողականության կանխարգելումն է: Հայաստանը եւս միացել է այդ շաբաթին եւ այստեղ դրա շրջանակում մի շարք միջոցառումներ տեղի կունենան, որոնց նպատակը կլինի հակաբիոտիկների մասին տեղեկությունների տարածումը եւ իրազեկումը, թե ինչպես է հնարավոր խուսափել հակաբիոտիկների դեմ դիմադրողականություն ձեռք բերելուց: