Հայաստանի բնակչության 33.1 տոկոսը 2050-ին թոշակառու կլինի` 60 տարեկանից մեծ: Նման եզրակացության են հանգել թոշակառուների համար ամենաբարենպաստ երկրների ինդեքսի` Global Age Watch Index 2015-ի կազմողները:
Այդ հետազոտությունն անցկացվել է բրիտանական իրավապաշտպան HelpAge International կազմակերպության կողմից: Վարկանիշը կազմվել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական հարցերով դեպարտամենտի վերջին տվյալների հիման վրա: Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ մոլորակի վրա ծերերի թիվը 35 տարի անց կկրկնապատկվի:
Այդ վարկանիշում Հայաստանը 43-րդ տեղն է զբաղեցնում: 2014-ի տվյալներով Հայաստանում բնակչության սոսկ 16.3 տոկոսն էր 60 տարեկանից բարձր: 2030-ին այդ թիվը կավելանա մինչեւ 23.8 տոկոս, իսկ 2050-ին ` մինչեւ 33.1 տոկոս:
«Աշխարհը ծերանում է: Մինչ վերարտադրողականությունը նվազում է, իսկ կյանքի միջին տեւողությունը` աճում, երկրագնդի վրա ապրող 60 տարեկանից մեծ մարդկանց մասնաբաժինը շարունակելու է աճել, -ասվում է զեկույցում: 2050-ին համաշխարհային բնակչության մոտ 21,5% տոկոսը 60 տարեկանից մեծ կլինի. ներկայիս երիտասարդությունը պատմության մեջ ծերերի ամենամեծ խմբի մաս կկազմի: Արդեն 2015 թվին մոլորակի վրա նրանց թիվը կկազմի 901 մլն մարդ, բնակչության ընդհանուր թվի (ներկայումս` ավելի քան 7 մլրդ) 12,3%-ը, 2030-ին նրանց թիվը կկազմի 1,4 միլիարդ մարդ (16,5%), իսկ 2050-ին` 2 մլրդ (21,5%)»:
Հետաքրքիր է, որ զեկույցի համաձայն, 35 տարի անց Ռուսաստանը Եվրոպական երկրների մեջ կլինի 60 տարեկանից մեծ բնակչության ամենափոքր` 28,8 տոկոս ունեցող երկիրը: Ճիշտ է, Ռուսաստանի բնակչությունը մինչ այդ նկատելիորեն կկրճատվի: Համեմատության համար ասենք, որ Բելառուսն այդ վարկանիշում 64-րդ տեղն է զբաղեցրել, Տաջիկստանը` 58, Ղրղզստանը` 51, իսկ Ուրուգվայը` 27:
Global Age Watch Index 2015 վարկանիշում բրիտանական իրավապաշտպանները երկրները համեմատում են ոչ միայն 60-ից մեծ բնակիչների թվով, այլեւ` նրանց կյանքի որակով: Վարկանիշը աշխարհի 98 երկիր է ընդգրկում, նրանք դասակարգված են ըստ` իրենց բուժման, իրենց մատուցվող ծառայությունների վրա պետության ծախսած գումարների, աշխատող ծերերի թվի եւ այլ գործոնների:






