Բջջային հեռախոսները չեն ազդում դրանք օգտագործողների առողջական վիճակի վրա, վկայում է բրիտանացի գիտնականների 11-ամյա հետազոտությունը:

Հետազոտությունը որեւէ ապացույց չի հայտնաբերել նաեւ այն բանի, որ հղիության ընթացքում բազային կայանի կողմից ճառագայթումը բարձրացնում է երեխաների մոտ լեյկոզի (սպիտակարունության) ռիսկը:

MTHR (mobile telecommunications and health research) ծրագիրը բջջային տեխնոլոգիաների հետ կապված առողջական խնդիրների հայտնաբերմամբ զբաղվող ամենամեծ հետազոտական ծրագիրն է Մեծ Բրիտանիայում, հայտնում է Daily Mail-ը:

 MTHR ծրագրի ղեկավար պրոֆեսոր Դեյվիդ Կոգտոնն ասում է, որ երբ 11 տարի առաջ հետազոտությունը նոր-նոր սկսվում էր, մարդու օրգանիզմի վրա բջջային հեռախոսների հնարավոր ազդեցության վերաբերյալ գիտնականների պատկերացումները տարբեր էին, հաճախ ուղղակի հակադիր: Իսկ այժմ հետազոտությունը, որն ամբողջությամբ անկախ էր, վերջ դրեց բազմամյա վեճին, կարծում է Կոգտոնը: 

«Այս անկախ ծրագիրն ավարտված է, եւ մենք չգտանք առողջության համար վտանգ ներկայացնող որեւէ բան, որ կապված լիներ բջջային հեռախոսների կամ բազային կայանների արձակած ռադիոալիքների հետ»,- ասաց նա` նկատելով, որ այժմ «շատ ավելի վստահ կարելի է լինել հեռահաղորդակցության ժամանակակից համակարգերի անվտանգության հարցում»:

Կոգտոնի բերած տվյալները հաստատում են 2012 թ. անցկացված հետազոտության արդյունքները, ըստ որոնց` բջջային եւ Wi-Fi տեխնոլոգիաները քաղցկեղ չեն առաջացնում եւ առողջությանը վնաս չեն պատճառում:  

Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ բարձր լարման էլեկտրալարերի հարեւանությամբ ապրող երեխաները լեյկոզի ավելի բարձր ռիսկի չեն ենթարկվում:

Հետազոտություւների ամբողջական ծրագրի արժեքը 13,6 միլիոն ֆունտ ստերլինգ է կազմել: