Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս օրը ընտրվել է 2001 թ. Լյուքսեմբուրգում, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների եւ հիմնադրամների միության (ICCCPO) նախաձեռնությամբ: Այդ մասին խոսել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը փետրվարի 15-ին տված մամուլի ասուլիսում:
Մոտ 188 կազմակերպություններ 88 երկրներից համագործակցում են ICCCPO-ի հետ: Հայաստանը, ի դեմս «Քաղցկեղով հիվանդ երեխաների հարազատներ» հասարակական կազմակերպության, 2003 թ. միացել է ICCCPO-ին:
Այս օրը նշող երկրներն ու կազմակերպությունները, ըստ պրոֆեսոր Բադալյանի, երկու նպատակ են հետապնդում` հասարակության ուշադրությունը հրավիրել քաղցկեղով հիվանդ երեխաների խնդիրներին եւ դրամական միջոցներ հավաքել հիվանդ երեխաներով զբաղվող կազմակերպությունների գործունեության ապահովման համար:
Մանկական ուռուցքային հիվանդությունների բուժման առաջին բաժանմունքը Հայաստանում բացվել է 1994 թ.: Առաջին տասը տարիների ընթացքում այն ակտիվորեն զարգանում էր` հետ չմնալով բազմաթիվ զարգացած երկրներից: Այսօր, սակայն, պրոֆեսոր Բադալյանի խոսքով, մանկական ուռուցքաբանությամբ զբաղվող կազմակերպությունը մի շարք խնդիրների է բախվում Հայաստանում:
Պրոֆեսոր Բադալյանի նշած խնդիրների մեջ կան համեմատաբար հեշտ լուծելի խնդիրներ, ինչպես, օրինակ, կլինիկայի շենքի վերանորոգումը. վերջերս հովանավոր է գտնվել, ով խոստացել է վերանորոգել բաժանմունքի մի քանի կարեւոր մասերը: Ավելի բարդ է սարքավորումների խնդիրը, դրանք այսօր չափազանց հնացած են և շատ բարդություններ են ստեղծում: Երրորդ խնդիրը, որի վրա ուշադրություն հրավիրեց պրոֆեսոր Բադալյանը, կադրերի պակասն է: «Վերջին մանկական ուռուցքաբանը մեզ միացել է մոտ յոթ տարի առաջ», - ասաց նա` ավելացնելով, որ բազմաթիվ մանկական լավ ուռուցքաբաններ վերջին տարիներին հեռացել են երկրից: Պրոֆեսոր Գրիգոր Բադալյանի խոսքով` այսօր ուսանողներից քչերն են ուզում մանկական ուռուցքաբան դառնալ, քանի որ, առաջին` արդեն հինգ տարի է, որ մանկական ուռուցքաբանությունը չի դասավանդվում իբրեւ առանձին գիտակարգ, երկրորդ` չնայած առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին` բժիշկների աշխատավարձը դարձյալ բավականին ցածր է մնում:






