Ծխախոտի ծուխը եւ կանցերոգեն սնունդը մանկական քաղցկեղի առաջացման ամենատարածված պատճառներից են։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, հայ ուռուցքաբանների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:
«Ծխախոտի ծուխը միանշանակ կանցերոգեն է, եւ երեխաների ներկայությամբ ծխելը հանցագործություն է»,- ասաց նա` պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին։
Գրիգոր Բադալյանի խոսքով` երեխաները, հղի կանայք եւ անգամ այն կանայք, որ դեռ հղի չեն, բայց ուզում են երեխա ունենալ, պետք է հեռու մնան ծխողներից. դա կնվազեցնի երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը` ինչպես արդեն ծնվածների, այնպես էլ մոր արգանդում զարգացողների։ Ինչ վերաբերում է կանցերոգեն սննդին, ապա դրա բացասական ազդեցությունը տարածվում է ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի վրա։ «Անորակ սնունդը քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններից մեկն է»,- ասաց պրոֆեսորը։
Ըստ նրա` ի տարբերություն շատ երկրների, որտեղ մարդիկ տառապում են ճարպակալմամբ, որը նույնպես կարող է շատ հիվանդությունների պատճառ դառնալ, Հայաստանում բավարար է ընդամենը առողջ սնունդ ուտել` անպայման ուշադրություն դարձնելով այն բանին, թե որ երկրից է ներկրված քաղցրավենիքը, եւ ինչ պայմաններում են պահպանել միսն ու ձուկը։






