Ավելորդ քաշից ազատվելը կարող է օգնել ծնկերը եւ հոդերը պաշտպանել դեգեներատիվ հիվանդություններից։ Այս մասին հայտնել են Քալիֆորնիայի համալսարանի աշխատակիցները, որոնք ավելորդ քաշի եւ ծնկահոդի կռճիկի դեգեներացիայի միջեւ կապ են նկատել։
Գիտնականների խոսքով՝ մեծահասակների ավելի քան 1/3ը 60 տարեկանից մեծ հասակում տառապում է օստեոարթրիտից՝ հոդերի դեգեներատիվ հիվանդություն, որը կտրուկ իջեցնում է կյանքի որակը եւ հանգեցնում հաշմանդամության։ Գիտնականները կարծում են, որ այդ խախտման զարգացման հիմնական ռիսկը հենց ճարպակալման հանգեցնող ավելորդ քաշն է։ Հենց այդ պատճառով գիտնականները վստահ են, որ հոդերն ու ծնկերը առողջ պահելու համար անհրաժեշտ է պայքարել ավելորդ քաշի դեմ։
Դա ապացուցել են 506 հիվանդների մոտ ավելորդ քաշի եւ ծնկահոդի կռճիկի դեգեներացիայի առաջխաղացման միջեւ կապի ուսումնասիրությունները։ Բոլոր կամավորներն ունեցել են ավելորդ քաշ եւ ճարպակալում, ինչպես նաեւ օստեոարթրիտի թեթեւ եւ չափավոր ձեւի նախանշաններ։ Բժիշկները մարդկանց բաժանել են 3 խմբի. առաջին խմբում ոչ ոք չի նիհարել, երկրորդում կամավորները մի թեթեւ նիհարել են, իսկ երրորդ խմբում կորցրել են քաշի ավելի քան 10 տոկոսը։ Դրանից հետո նրանց մոտ ՄՌՏ-ի միջոցով ստուգել են հոդերի ամբողջականությունը։
«Մենք ապացույցներ ենք գտել, որ նիհարելը պաշտպանում է կռճիկի դեգեներացիայի զարգացումից, եւ որքան շատ են հիվանդները կորցնում իրենց ավելորդ քաշը, այնքան շահում են այդ իրավիճակում»,- ասել են հետազոտության հեղինակները։
Գիտնականներն ընդգծում են, որ ծնկահոդի օստեոարթրիտը վերջին ժամանակներս տարածված է դարձել, ինչին նպաստում են կյանքի տեւողության աճն ու աճող ճարպակալումը։ Ոմանց մոտ հիվանդությունը զարգանում է մինչեւ ծնկահոդի ամբողջական փոխպատվաստման։






