Նոր բարձրտեխնոլոգիական ակնոցը հնարավորություն է տալիս բժիշկներին վիրահատության ժամանակ «տեսնել» քաղցկեղի բջիջները, օգնելով նրանց տարբերել ուռուցքը առողջ հյուսվածքներից։

Սենթ-Լուիսի Վաշինգթոնի համալսարանի գիտնականների կողմից մշակված հատուկ ակնոցը օգնում է տեսնել կապույտ լույսը, որը ճառագում են քաղցկեղային բջիջները ներարկված մարկերի շնորհիվ։ Այդ մարկերը կապույտ ճառագայթ է արձակում միայն այն դեպքում, եթե ոռուցքի մեջ կա քաղցկեղային հյուսվածք։

Վաշինգթոնի համալսարանի վիրաբույժ Ջուլի Մարգենտալը, ով կատարել է այդ ակնոցով առաջին վիրահատությունը, նշել է, որ ակնոցը գտնվում է մշակման նախնական փուլում։ Սակայն առաջին փորձարկումը խոստումնալից էր, նշել է նա, տեղեկացնում է Newsmax Health-ը։  

«Պատկերացրեք, որ այդ ակնոցի շնորհիվ կարող է վերանալ հաջորդ վիրահատության անհրաժեշտությունը, դրա հետ կապված ցավի ու անհանգստության մեկտեղ», - ասել է նա։

Քաղցկեղային բջիջները շատ դեպքերում դժվար է տարբերել առողջներից, եւ վիրաբույժները միշտ չեն կարողանում լրիվ հեռացնել ուռուցքային հյուսվածքները։

Այս նոր ակնոցը հույս է ներշնչում, որ վիրաբույժները հետագայում կկարողանան հեռացնել բոլոր քաղցկեղային հյուսվածքները առանց կրկնակի վիրահատության։