Շատ մարդիկ հերիք է մի քանի օրով արձակուրդ վերցնեն, անմիջապես հիվանդանում են: Այդ երեւույթը նույնիսկ ոչ պաշտոնական անվանում ունի` «արձակուրդային հիվանդություն»: Հոլանդացի հոգեբանի խոսքով, որն այդ թեմայով հետազոտություն է հրապարակել դեռեւս 2002-ին, մարդկանց 3 տոկոսը արձակուրդի ընթացքում հաճախ հիվանդանում է:
Պրոֆեսոր Էդ Վինգերհոթսը Թիլբուրգի համալսարանից (Նիդերլանդներ) իրեն էլ է ներառում այդ 3 տոկոսի մեջ, դրա համար էլ նրան հետաքրքրել էր պարզել, թե մարդիկ ինչու են հիվանդանում արձակուրդի ընթացքում:
Այդ երեւույթի առավել ընդունված բացատրությունը կապված է սթրեսների հետ, որոնց մարդը բախվում է աշխատանքի ընթացքում: Բոլոր այդ սթրեսները բացասաբար են ազդում նրա իմունային համակարգի վրա եւ երբ նա վերջապես հանգստանալու հնարավորություն է ստանում, օրգանիզմը թուլանում է եւ հիվանդությունն անմիջապես գլուխ է բարձրացնում:
Սակայն բացառված չէ, որ «արձակուրդային հիվանդության» մեջ իրենց դերն ունեն նաեւ հաճախակի ուղեւորությունները, որոնք մարդիկ կատարում են հանգստյան օրերին եւ արձակուրդի ընթացքում: Նման ուղեւորությունների ժամանակ շատ հեշտ է վարակվել որեւէ հարուցիչով կամ մանրէով, հատկապես` բազմամարդ վայրերում:
Ինչպես բացատրել է բժիշկ Ուիլյամ Շաֆները Վանդերբիլթի համալսարանի Բուժական կենտրոնից, առօրյա կյանքում մեր օրգանիզմը սովորում է հակամարմիններ մշակել մեզ շրջապատող մանրէների դեմ: Իսկ այն մանրէները, որոնց հանդիպում ենք այլ վայրերում, օրինակ` օդանավակայանում, մեր օրգանիզմին անծանոթ են, դրա համար էլ այն չի կարողանում հաղթահարել դրանք: Դա է պատճառը, որ նոր իրավիճակում հայտնվելով` մարդիկ հաճախ հիվանդանում են:






