Ռուսաստանի կառավարությունը սահմանափակել է արտասահմանյան դեղերի պետգնումները: Կառավարությունում ընդգծում են, որ այդ միջոցն «ուղղված է դեղամիջոցների հայրենական արտադրության զարգացմանը»: Որոշումը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
«Պատվիրատուն պիտի մերժի բոլոր հայտերը, որոնք առաջարկում են արտասահմանյան պետություններում (բացառությամբ Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների) արտադրված դեղամիջոցներ մատակարարել`պայմանով, որ մատակարարին որոշելու համար մրցույթին առնվազն երկու հայտ ներկայացված լինի, որոնք բավարարեն գնման փաստաթղթային պահանջները եւ առաջարկներ պարունակեն այնպիսի դեղերի գնման վերաբերյալ, որոնք արտադրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում», - ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում:
Որոշմամբ «սահմանվել են պետական եւ քաղաքային կարիքների համար այն դեղամիջոցների գնումների սահմանափակումները, որոնք ներառված են կենսական անհրաժեշտություն ներկայացնող եւ կարեւորագույն դեղամիջոցների ցուցակում»:
Փաստաթղթով նախատեսված է, որ «սահմանափակումները չեն կիրառվի մինչեւ 2016-ի դեկտեմբերի 31-ը այն դեղամիջոցների վերաբերյալ, որոնք արտադրվել են օտար պետություններում, որոնց դեղերի փաթեթավորում է իրականացվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի վրա նշված է, որ դեղամիջոցները գնվել են մինչեւ որոշման ուժի մեջ մտնելը, ինչպես նաեւ դեղամիջոցների գնումների դեպքում այնպիսի պատվիրատուների կողմից, որոնք գործում են օտար պետության տարածքում եւ դեղերը գնել են այդ տարածքում իրենց գործունեության ապահովման համար»:






