Հնդկաստանի վիրաբույժները հաջողությամբ իրարից բաժանել են սիամական երկվորյակների, որոնք իրար էին միացած փորի հատվածում եւ ընդհանուր լյարդ ունեին: 

Երկվորյակներ Ջաննաթը եւ Մաննաթը ծնվել էին Հնդկաստանի մասնավոր կլինիկաներից մեկում, հետո նրանց տեղափոխել էին Post Graduate Institute of Medical Education and Research (PGIMER), որտեղ նրանցով զբաղվել էր վիրաբույժների խումբը, որը պիտի  իրարից բաժաներ երկվորյակներին: 

Ինչպես նշել է վիրաբույժ Ռավի Կանոջին, նման երկվորյակների լույս աշխարհ գալու հավանականությունը մեկը միլիոնի է: Դրա համար էլ նույնիսկ ամենափորձառու վիրաբույժները նման երկվորյակների հանդիպում եւ վիրահատում են լավագույն դեպքում կյանքում մեկ-երկու անգամ: PGIMER կլինիկայում նման վիրահատություն, այն էլ` հաջող ելքով, իրականացվում էր առաջին անգամ:

Բժիշկները նախ մի շարք հետազոտություններ էին կատարել` պարզելու, թե քույրերի որ օրգաններն են ընդհանուր: Պարզվել էր, որ ընդհանուր է սոսկ լյարդը. Բժիշկներին դա ուրախացրել էր, չէ ՞ որ եթե ընդհանուր լինեին այլ օրգաններ եւս, վիրահատությունն անհամեմատ ավելի բարդ կլիներ, եթե ընդհանրապես հնարավոր լիներ: 

Ինչպես նշել է բժիշկ Կանոջիան, սիամական երկվորյակներին սովորաբար իրարից բաժանում են, երբ նրանց մի տարին է լրանում եւ նրանք բավականաչափ ամուր են լինում, սակայն որոշվել է աղջիկներին իրարից բաժանել երեք ամսական հասակում, որովհետեւ նրանց վիճակը կարող էր բացասաբար ազդել հասակի եւ զարգացման վրա: 

30 մասնագետից կազմված խումբ է աշխատել  վիրահատության ընթացքում, որը 8 ժամ է տեւել: Ջաննաթը լավ է տարել վիրահատությունը, իսկ Մաննաթը, որն ավելի փոքր է եւ թույլ, արհեստական շնչառության եւ հատուկ խնամքի կարիք ուներ: Այժմ, սակայն, երկու աղջիկն էլ իրենց լավ են զգում, եւ բժիշկները նախատեսում են մոտ ապագայում նրանց դուրս գրել: 

Երկվորյակների հայրը` Մոհամմադ Սալիմը օրական ընդամենը 4 ֆունտ է վաստակում եւ չէր կարող վճարել  աղջիկների բուժման համար: Եթե չլիներ  PGIMER-ի մասնագետների հավատարմությունը իրենց պարտականությանը, աղջիկներն այդպես էլ անհրաժեշտ բուժօգնություն չէին ստանա:   

«PGIMER-ի բժիշկներն իմ վերջին հույս էին: Որեւէ մեկը երկվորյակներին ավելի լավ հոգ չէր տանի, քան նրանք», - ասել է նա: