ՄԻԱՎ վարակի բուժումը, որը հիվանդին երկար եւ որակյալ կյանք է ապահովում, սկսվում է ախտորոշումից անմիջապես հետո: Այն մասին, թե ով եւ երբ է սկսում ստանալ այն հակառետրովիրուսային դեղամիջոցները, որոնք օգնում են վերահսկել ՄԻԱՎ-ը, NEWS.am Medicine-ին պատմել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանը:   

ԱՀԿ-ի հանձնարարականների համաձայն, Հայաստանում հակառետրովիրուսային թերապիայի սկիզբը կախված է հիվանդի իմունային համակարգի վիճակից եւ մի շարք այլ գործոններից: 

ՄԻԱՎ վարակի հիմնական վտանգն այն է, որ հարուցիչի ազդեցությամբ նվազում էնCD4+ լիմֆոցիտների թիվը եւ իմունային համակարգը սկսում է թուլանալ, ինչի հետեւանքով օրգանիզմում գլուխ են բարձրացնում տարբեր վարակներ, ուռուցքներ եւ այլ հիվանդություններ:  Հակառետրովիրուսային թերապիայի հիմնական նպատակն է` թույլ չտալ, որ հարուցիչը ոչնչացնի իմունային համակարգը եւ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ-ի վերածվի:  

Հայաստանում այսօրվա դրությամբ ՄԻԱՎ վարակի բուժումը սկսում են այն ժամանակ, երբ  արյան մեկ միկրոլիտրում CD4+ լիմֆոցիտների քանակը 500-ից պակաս է լինում: Բուժման սկզբի համար ցուցում է հանդիսանում ՄԻԱՎ վարակակրի մոտ օպորտունիստական վարակների առկայությունը:

Ինչպես նշել է Սամվել Գրիգորյանը, անցյալում ԱՀԿ-ն խորհուրդ էր տալիս հակառետրովիրուսային թերապիան սկսել, երբ CD4+ լիմֆոցիտների թիվը 200-ի էր հասնում, հետո այդ շեմը բարձրացրեցին մինչեւ 350 եւ դրանից հետո միայն` մինչեւ 500: ԱՀԿ-ի ամենավերջին հանձնարարականների համաձայն, բուժումը պետք է սկսել անկախ լիմֆոցիտների քանակից` ախտորոշումից անմիջապես հետո: Սակայն դրա համար անհրաժեշտ են բավարար քանակությամբ դեղամիջոցներ, եւ շատ երկրներ առայժմ չեն հետեւում այդ հանձնարարականին:

Կա նաեւ հիվանդների մի կարգ, որոնց բուժումը շատ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, սկսում են ախտորոշումից անմիջապես հետո` անկախ լիմֆոցիտների թվից եւ առողջական վիճակից: Այդ կարգի մեջ են մտնում հղի կանայք. հենց որ հղի կնոջ մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվում, նա սկսում է հակառետրովիրուսային դեղամիջոցներ ստանալ, որպեսզի կանխարգելվի վարակի փոխանցումը պտղին: Եթե կանայք կանոնավոր կերպով դեղամիջոցներ են ընդունում եւ հետեւում են բոլոր հանձնարարականներին, հիմնականում առողջ, ՄԻԱՎ-ով չվարակված երեխաներ են ունենում: 

Սամվել Գրիգորյանը նաեւ նշել է, որ այս պահին ՄԻԱՎ-ով վարակված հայերը, որոնք բուժման կարիք ունեն, ապահովված են դեղերով, իսկ դեղերի նոր չափաքանակները արդեն պատվիրված են եւ մոտ ժամանակներս կներմուծվեն: