Հայկական հասարակությունում եւ հատկապես` ընտանեկան բռնության զոհերի շրջանում իրավական մշակույթը շատ ցածր մակարդակում է. շատերը նվազագույն պատկերացում չունեն իրենց իրավունքների ու պարտականությունների մասին: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Առանց բռնության հասարակություն» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խմբի իրավաբան Անաիդա Միքայելյանը:
Մասնագետի խոսքով, շատ կանայք ընտանիքում բռնության են ենթարկվում եւ վախենում են որեւէ բան ձեռնարկել նրա համար, որ չգիտեն, թե ինչ իրավունքներ ունեն: Օրինակ` շատ դեպքերում բռնություն կիրառող ամուսինը կամ սկեսուրը սպառնում են, որ եթե կինը փորձի հեռանալ, նրանից կխլեն երեխաներին: Այդ կանայք, չիմանալով, որ իրենք եւ իրանց ամուսինները երեխաների հանդեպ խնամակալության հավասար իրավունքներ ունեն եւ ոչ ոք (բացի դատարանից, եթե դրա համար ծանրակշիռ պատճառներ լինեն) չի կարող ուղղակի վերցնել ու իրենցից խլել երեխաներին, հավատում են այդ սպառնալիքներին եւ շարունակում են մնալ ընտանիքում, չնայած դաժան վերաբերմունքին:
Ամուսնալուծվել ցանկացող շատ կանայք եւս տեղյակ չեն իրենց տարրական իրավունքներին եւ եթե հարազատների կամ մասնագետների կողմից աջակցություն չեն ստանում, ամուսինները, ումից նրանք ցանկանում են հեռանալ, կարող են հեշտորեն հիմարացնել կամ վախեցնել նրանց: Ավելին` նման կանայք սովորաբար չգիտեն, թե ուր պիտի գնան, ում դիմեն եւ ինչ անեն, եթե ընտանիքում դաժան վերաբերմունքի կամ բռնության զոհ են դարձել: Այդ չիմացությունը նրանց ծայրաստիճան խոցելի է դարձնում:
Իրավական մշակույթը եւ քաղաքացու գոնե հիմնարար իրավունքների եւ պարտականությունների իմացությունը կարող էր շատ առումներով օգնել ընտանեկան բռնության զոհերին, պնդում է իրավաբանը: Երբ մարդն իրավաբանորեն գրագետ է եւ գիտե, թե որտեղ են ավարտվում ուրիշի իրավունքները եւ սկսվում իրենը, ավելի լավ է պաշտպանված ամեն տեսակ ոտնձգություններից, իսկ խնդիրների դեպքում գիտե, թե ինչպես է հնարավոր լուծել դրանք կամ ով կարող է իրեն օգնել այդ հարցում:
Ցավոք, իրավական մշակույթի բացակայությունը բնորոշ է ոչ միայն ընտանեկան բռնության զոհերին, այլեւ հայկական հասարակությանն ընդհանուր առմամբ. Նույնիսկ շատ վարորդներ, ում փողոցում կանգնեցնում են, չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, իսկ երբեմն չգիտեն էլ, որ իրենք իրավունքներ ունեն:
Մարդիկ որտեղի՞ց կարող են գիտելիքներ ստանալ իրենց իրավունքների մասին:
Ցավոք սրտի, Հայաստանում չկան հատուկ կրթական հեռուստահաղորդումներ, որոնք մարդկանց պատմեն իրենց իրավունքների մասին, նշել է իրավաբանը: Իսկ իրավաբանական գրականությունը ամեն մեկին չի կարող հասկանալի լինել: Հենց դրա համար էլ շատերը ստիպված են ինքնակրթությամբ զբաղվել եւ կարդալ իրենց իրավունքների մասին, օրինակ` համացանցում:
Որոշ հասարակական կազմակերպություններ գրքույկներ են տարածում, որոնք օգնում են բարձրացնել կանանց իրավական գրագիտությունը: Դրանցում պատմվում է ամենահիմնական բաների մասին, այն մասին, թե ինչպես է կազմակերպվում ամուսնալուծությունը եւ ունեցվածքի կիսումը, ինչպես է երեխաների նկատմամբ խնամակալություն նշանակվում եւ այլն: Այդ գրքույկների ընթերցումը կարող է շատ օգտակար լինել ինչպես ընտանեկան բռնության զոհերին, այնպես էլ Հայաստանի բոլոր քաղաքացիներին:






