Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի սեռական բռնության զոհը, որպեսզի հաղթահարի հոգեբանական տրավման ու հոգ տանի, որ հանցագործը իր արժանի պատիժը ստանա: Այս հարցերին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է «Կանանց ռեսուրսների կենտրոնի» հոգեբան Սիրանույշ Դավթյանը:
Ինչպես նշեց մասնագետը, առաջին անհրաժեշտ քայլը ոստիկանության դիմելն է, քանի որ սեռական բռնությունը՝ բռնաբարությունը, համարվում է քրեորեն պատժելի հանցագործություն, ու այն չպետք է անպատիժ մնա: Իրավապաշտպաններին ցանկալի է պատմել այն ամենն, ինչ հիշում եք կատարվածի կամ հանցագործության մասին: Այո, այդ մասին խոսելը կարող է շատ բարդ լինել, մանավանդ եթե ոստիկանության աշխատակիցը անհրաժեշտ գիտելիքներ չունենա այն մասին, թե ինչպես է պետք վարվել բռնության զոհի հետ ու ինչ հարցեր կարելի է նրան տալ, նրա ինքնասիրությունը չվիրավորելու ու ապրումները չխորացնելու համար:
Հոգեբանը նաեւ նշեց, որ ցանկալի է ոստիկանություն դիմել ժամանակին՝ հնարավորինս շուտ, այլ ոչ թե կատարվածից մի քանի օր կամ շաբաթ կամ նույնիսկ տարի հետո: Նաեւ ցանկալի է դեն չգցել պատռված հագուստը եւ մասնագետին այցելելուց առաջ չլողանալ, որպեսզի կատարվածի ապացույցները չմաքրվեն: Այդ ամենը նույնպես հեշտ չէ, բայց պետք է հասկանալ, որ առանց ապացույցների դժվար կլինի մեղավորին պատասխանատվության կանչել:
Եթե այս կամ այն պատճառով բռնության զոհը չի ուզում ոստիկանություն դիմել կամ էլ առայժմ պատրաստ չէ դրան, նա կարող է զանգահարել կանանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպությունների թեժ գիծ: Օրինակ կարելի է զանգահարել 077 99 12 80 կամ 0800-01-280 շուրջօրյա թեժ գիծ:
Այս հեռախոսահամարներով բռնության զոհերը կարող են ստանալ իրավաբանների ու հոգեբանների անվճար ու գաղտնի խորհրդատվություն. իրավաբանները կօգնեն կողմնորոշվել հետագա քայլերի հարցում, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հանցագործին պատասխանատվության կանչելու համար, իսկ հոգեբանները կօգնեն վերապրել ստացած հոգեբանական տրավման կամ էլ կհուշեն, թե որտեղ ու ինչպես կարելի է լրացուցիչ օգնություն ստանալ:
Ինչպես նշեց Սիրանույշ Դավթյանը, ծայրաստիճան կարեւոր է, որ բռնության զոհերը չվախենան օգնության դիմել թե հասարակական կազմակերպություններին, թե ոստիկանությանը, քանի որ չի կարելի, որ հանցագործները, ովքեր էլ որ նրանք լինեն, կարծեն, թե իրենք կարող են անպատիժ մնալ:






