Կանայք մի քիչ ավելի շատ են վստահում նույնասեռական ընկերներին, քան հետերոսեքսուալ տղամարդկանց կամ նույնիսկ իրենց ընկերուհիներին, հենց դրա համար էլ նրանց դուր է գալիս շփվել նույնասեռականների հետ: Այդ մասին պատմել են Տեխասի համալսարանի հետազոտողները: 

Նույնասեռական տղամարդիկ, գիտնականների կարծիքով, կարող են կանանց համար շատ լավ ընկերներ լինել. նրանց կարելի է վստահել, նրանք միշտ պատրաստ են անհրաժեշտ պահին կողքին լինել եւ օգնել: Ավելին, նրանք, ի տարբերություն հետերոսեքսուալ տղամարդկանց, երբեք չեն փորձի կնոջն անկողին քարշ տալ: Ի տարբերություն կին ընկերուհիների, նրանք երբեք չեն փորձի ընկերուհուց փախցնել նրա տղամարդուն:  

Գիտնականների կարծիքով, կանայք հաճախ վախենում են ընկերուհիներից խորհուրդ հարցնել, որովհետեւ նրանք կարող են թաքուն մտադրություններ ունենալ կամ էլ հետաքրքրված լինել նույն տղամարդով: Նման ընկերուհիների խորհուրդները կարող են վտանգավոր եւ վատը լինել: Իսկ նույնասեռականները լիովին անկեղծ խորհուրդներ են տալիս, որովհետեւ նրանք թաքուն դրդապատճառներ չունեն. Նրանք ուղղակի ուզում են օգնել: 

Հետազոտության հեղինակ հոգեբան Էրիկ Ռասելը բացատրել է, որ նույնասեռական տղամարդկանց հետ կանանց ընկերությունը գոյություն ունի ոչ միայն հեռուստացույցների էկրանին. Իրական կյանքում եւս այն շատ կարեւոր է, դրա հիմքում որոշակի հոգեբանական եւ սոցիալական գործընթացներ են: 

Կանանց եւ նույնասեռական տղամարդկանց ընկերության մասին ավելի շատ բան իմանալու համար գիտնականները 4 առանձին հետազոտություն են կատարել   700 հետերոսեքսուալ կնոջ մասնակցությամբ: Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք ավելի շատ վստահում են նույնասեռականների խորհուրդներին, քան հետերոսեքսուալ մարդկանց, եթե խոսքը հարաբերությունների մասին է, բայց ոչ կարիերայի: Երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք վստահ են, որ նույնասեռական տղամարդիկ ամեն ինչում ավելի անկեղծ են, քան հետերոսեքսուալ տղամարդիկ կամ կանայք: Մյուս   2 հետազոտությունը ցույց են տվել, որ կանայք նույնասեռականներին ավելի են վստահում: 

Այս հետազոտությունների մասին տեղեկացնում է Archives of Sexual Behavior ամսագիրը: