Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նախաձեռնությամբ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր:    

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է հասարակական  «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, այդ Օրվա նպատակը այն խնդիրների մասին իրազեկելն է, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման համար ռեսուրսներ մոբիլիզացնելը:  Այս Օրվա մեկ այլ կարեւոր նպատակն այնպիսի հիմնական ռեսուրսներին հավասար մուտք ապահովելն է, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը, առողջապահությունը եւ սոցիալական ու իրավական աջակցության համակարգը: 

Այս տարի, ինչպես ասել է Արմեն Ալավերդյանը, ՄԱԿ-ը նշել է այն երեք ուղղությունները, որոնցով անհրաժեշտ է աշխատել: Դրանք են.

1. Մատչելի, ներառական քաղաքներ: Քանի որ մոլորակի բնակչության մոտ   60 տոկոսն ապրում է քաղաքներում, քաղաքները պիտի մատչելի եւ հարմար լինեն հաշմանդամության ամենատարբեր տեսակներ ունեցող մարդկանց տեղաշարժի համար: 

2. Վիճակագրական խնդիրների լուծումը: Եթե նորմալ վիճակագրություն եւ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե երկրում   հաշմանդամություն ունեցող քանի մարդ է ապրում եւ ինչ խնդիրներ ունեն նրանք, բոլոր այդ խնդիրների համար արդյունավետ լուծումներ գտնել հազիվ թե հնարավոր է: 

3. «Անտեսանելի» հաշմանդամության խնդիրը: Խոսքը նաեւ հոգեկան եւ մտավոր խնդիրներով մարդկանց մասին է, որոնց թվում նաեւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կան:  

Համարվում է, որ երկրագնդի բնակչության մոտ 15 տոկոսը հաշմանդամության այս կամ այն տեսակն ունի. Ստացվում է, որ աշխարհում մոտ 1 մլրդ հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում: Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց թիվը, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, մոտ 200 000 է: Իրականում նրանց թիվը հավանաբար ավելի մեծ է: