Հայ հասարակության մտածելակերպը եւ հաշմանդամներին նրա վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է անցյալ 20 տարվա ընթացքում: Եթե անցյալում մարդիկ ընդամենը խղճահարություն էի զգում հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եւ նրանց կատարելապես անգործունակ էին համարում, այսօր իրավիճակը նկատելիորեն փոխվել է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել   «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, որն ինքը տեղաշարժվում է հաշմանդամի սայլակի օգնությամբ:  

«Այսօր ես հանգիստ կարող եմ Երեւանի փողոցներում իմ գործերով զբաղվել, այցելել այգիներ եւ այլ վայրեր ու միաժամանակ մարդկանց խղճահարված հայացքներ չորսալ:    Այսինքն` մենք արդեն կարողացել ենք հաղթահարել այն կարծրատիպը, որ եթե մարդը հաշմանդամի սայլակով է տեղաշարժվում կամ էլ հաշմանդամության այլ տեսակ ունի, կարող է փողոց դուրս գալ միայն ողորմություն խնդրելու համար: Հաշմանդամություն ունեցող մարդն այսօր կարող է աշխատանքի գնալ, ռեստորան, գնումներ կատարել, տարբեր մշակութային միջոցառումների այցելել. իհարկե, եթե դրանք հասանելի եւ հարմարավետ շենքերում են», - նշել է նա:

Որոշակի առաջընթաց կա նաեւ քաղաքի հասանելիության առումով. շատ տեղերում թեքահարթակներ կան, իսկ հետիոտնի համար անցումներն այնպես են կառուցված, որ հաշմանդամի սայլակով տեղաշարժվող մարդու համար եւս հարմար լինի դրանցով տեղաշարժվել: Կենտրոնական փողոցների որոշ լուսացույցներ եւս զինել են ձայնային հատուկ ազդանշաններով, որոնք կարող են օգտակար լինել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար:  

Նվաճում կարելի է համարել նաեւ 10 հատուկ ավտոբուսները, որոնք հարմարավետ են հաշմանդամություն ուենցող մարդկանց համար, ինչպես նաեւ` մանկասայլակում երեխա ունեցողների: 

Ճիշտ է, չնայած այս նվաճումներին, Հայաստանում կան նաեւ մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել: Արժե նշել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ խտրականության խնդիրը (հատկապես աշխատանքի ընդունման հարցազրույցների ժամանակ), ներառական կրթության ոլորտի լուրջ խնդիրներ եւ այլն: