Վերջին 20 տարում Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը, սակայն առաջվա պես կան խնդիրներ, որոնց ներկայումս բախվում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Այդ խնդիրների մասին լրագրողներին պատմել է  «Ունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը:

1. Փողոցների եւ շենքերի մատչելիությունը

Վերջին տարիներին Երեւանն անհամեմատ ավելի հարմար եւ մատչելի քաղաք է դարձել, քան անցյալում. Շատ շինությունները թեքահարթակներ ունեն, շատ անցումներ հարմար են հաշմանդամի սայլակով տեղաշարժվող մարդկանց համար: Արմեն Ալավերդյանը նշել է, որ վերջերս եղել է Կիեւում, որտեղ փողոցները պակաս հարմարավետ եւ հարմարեցված էին, քան երեւանյանները: 

Մյուս կողմից, զարգացած երկրներում պետական կառույցների բացարձակապես բոլոր շենքերը, բոլոր ուսումնական հաստատությունները, մշակութային կենտրոնները, խոշոր ռեստորաններն ու սրճարաններն այնպես են կառուցված, որպեսզի հաշմանդամությամբ մարդկանց հարմար լինի մտնել այնտեղ: Հայաստանում ներառականության նման մակարդակ առայժմ չկա, շատ հաստատություններ, օրինակ` համալսարաններ, անհասանելի են մնում (միակ բացառությունը Ամերիկյան համալսարանն է, որի շենքը լիովին համապատասխանում է բոլոր ստանդարտներին):

2. Խտրականությունը

Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերմունքը նկատելիորեն փոխվել է վերջին տարիների ընթացքում, սակայն խտրականության խնդիրը դեռեւս այժմեական է, հատկապես երբ խոսքն աշխատանքի ընդունելու մասին է:  Ինչպես նշել է Արմեն Ալավերդյանը, շատ ընկերություններ հաշմանդամությամբ մարդու փոխարեն կարող են նախապատվությունը տալ հաշմանդամություն չունեցող մարդուն նույնիսկ այն դեպքում, եթե երկուսն էլ հավասարաչափ լավ մասնագետ լինեն:   

Վերջերս LIFE ծրագրի շնորհիվ 543 հաշմանդամություն ունեցող մարդիկ աշխատանքի են տեղավորվել: Դա իհակե հրաշալի է, բայց Հայաստանում դեռ շատ են հաշմանդամություն ունեցող լիովին աշխատունակ մարդիկ, որոնց համար դժվար է աշխատանք գտնելը:  

3. Ֆինանսական լուրջ աջակցության բացակայությունը 

Նպաստը, որ ստանում են հաշմանդամություն ունեցող անաշխատունակ մարդիկ, որոնք ամբողջությամբ կախված են շրջապատից, չի կարող հերիքել նորմալ կյանքի համար: Այդ նպաստը  (մոտ 20 000 դրամ) չի հերիքում ամսվա ընթացքում նույնիսկ սնունդ գնելու համար, իսկ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղն անհամեմատ ավելի թանկ արժե: