Հնդկաստանից Ալիե Սալիմն ընդամենը մեկ ու կես տարեկան է, բայց արդեն ավելի քան 25 կգ է կշռում` այնքան, որքան կշռում է միջին վիճակագրական 8-ամյա երեխան: Բժիշկները համարում են, որ նրա չվերահսկվող ախորժակի պատճառը գենետիկ հազվագյուտ հիվանդությունն է:
Ալիեն հավանաբար տառապում է Պրադեր-Վիլլիի համախտանիշից` հազվագյուտ ժառանգական հիվանդությունից, որն առաջանում է 15q11-13 քրոմոսոմի հատվածի հայրական պատճենի բացակայությունից: Հիվանդության ախտանիշներից մեկը ճարպակալումն է, որն ի հայտ է գալիս արդեն երկու տարեկանին մոտ: Այդ համախտանիշով մարդկանց մոտ սովորելու դժվարություններ են ի հայտ գալիս, աճի անոմալիաներ եւ չվերահսկվող ախորժակ:
Որոշ ժամանակ առաջ Ալիեի մասին YouTube-ում հայտնված տեսանյութը ավելի քան 21 մլն մարդ է դիտել: Այդ ժամանակվանից Ալիեն ավելի է գիրացել:
Մի որոշ ժամանակ Ալիեի ծնողները չէին կարողանում հասկանալ, թե իրենց երեխային ինչն է ստիպում այդքան շատ ուտել ու գիրանալ: Այժմ բժիշկները հակված են Պրադեր-Վիլլիի անբուժելի համախտանիշի տեսության օգտին, չնայած ախտորոշումը պաշտոնապես չի հաստատվել: Ալիեն Սիմրան անունով քույր ուներ, որը մահացել է ուղեղի արյունազեղումից, նա եւս շատակերությամբ էր առանձնանում:
«Դրա պատճառը կարող են լինել հորմոնային խանգարումները, նյութափոխանակության հիվանդությունները, ասել է մանկաբույժ Բհավայա Կումարը: Շատակերության պատճառը կարող է լինել գենետիկան կամ որեւէ ուռուցք: Սակայն այդ ընտանիքում երեխաների մի ամբողջ պատմություն կա, որոնք եւս տառապում են շատակերությունից, այնպես որ ես հակված եմ սա ժառանգական հիվանդություն համարել: Մենք պիտի թանկարժեք անալիզներ կատարենք դա հաստատելու համար»:












