Կամբոջայի գյուղական բժիշկներից մեկը՝ Յեմ Շրինը, դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ավելի քան 200 մարդու ՄԻԱՎ-ով վարակելու մեջ: Նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 55-ամյա բժիշկն առանց արտոնագրի աշխատում էր քամբոջիական գյուղերից մեկում՝ երկրի հյուսիս-արեւմուտքում: Համագյուղացիները նրան էին դիմում, քանի որ արտոնագրով աշխատող մոտակա բժիշկը հարեւան բնակավայրում էր, որը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա էր:

Բժիշկ Շրինը չէր պահպանում անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ ներերակային ու ներմկանային ներարկումներ անելիս, մի քանի անգամ օգտագործելով միանգամյա ներարկիչներն ու ասեղները: Հենց դա էլ դարձել է հիվանդության տարածման պատճառ՝ ՄԻԱՎ է ախտորոշվել 270 մարդու մոտ (այդ թվում նաեւ բուդդայական հոգեւորականների) նրանցից 10-ն արդեն մահացել են, քանի որ նրանց մոտ վարակի հետեւանքով ՁԻԱՀ էր զարգացել:

Ի սկզբանե Շրինին սպառնում էր ցմահ բանտարկություն, քանի որ նրան մեղադրում էին ոչ միայն 270 մարդու վարակելու, այլեւ 10 վարակվածների սպանության համար: Բժիշկը խոստովանել է, որ ինքը երկրորդ անգամ է օգտագործել ներարկիչները, սակայն ժխտում է, որ միտումնավոր է նպաստել ՄԻԱՎ-ի տարածմանը:

Ինչպես հայտնում է Շրինի դատապաշտպանը, նրա պաշտպանյալը պնդում է իր անմեղությունը: Նա նաեւ հավելել է, որ ծրագրում է շարունակել իր պաշտպանյալի շահերի պաշտպանությունը, եթե բժիշկը որոշի բողոքարկել դատավճիռը: