Երգչախմբային երգեցողությունը բարելավում է ծերունական տկարամտությամբ տառապող մարդկանց վիճակը, հավաստիացնում են բրիտանացի գիտնականները: Իրենց աշխատության արդյունքների մասին գիտնականները հայտնել են Բրիտանական հոգեբանական միության (British Psychological Society) ամենամյա գիտաժողովում:

Հետազոտությանը մասնակցել են 17 զույգեր, որտեղ ամուսինենրից մեկը տառապում էր տկարամտությունից: Մարդիկ հաճախում էին երգչախմբային երգեցողության պարապմունքներ, իսկ հետո ՝ որոշ ժամանակ անց, գիտնականներին հայտնում, թե ինչպես են փոխվել նրանց հարաբերությունները ու հոգեբանական վիճակը:

Աշխատության արդյունքում պարզվել է, որ երգչախմբային երգեցողությունը բարենպաստ հոգեբանական ազդեցություն է թողնում երկու ամուսինների վրա: Ավելին, փորձի մասնակիցները հայտնել էին, որ տկարամտությամբ հիվանդ զուգընկերոջ վիճակը պարապմունքներից հետո մի քիչ բարելավվել է, մարդիկ սկսել են ավելի հեշտությամբ մտապահել նոր տեղեկությունները:

Գիտնականներն առայժմ չեն կարողանում բացատրել այս երեւույթը ու ծրագրում են շարունակել դրա հետազոտությունը, սակայն հնարավոր բացատրություններից մեկն այն է, որ երգչախմբային երգեցողության ժամանակ տկարամտությամբ հիվանդը դառնում է կոլեկտիվի ու սեփական ընտանիքի իրավահավասար անդամը, ինչը նրան ինքնավստահություն է ներշնչում: