«Բռնություն» բառի տակ շատերը ֆիզիկական կամ սեռական բռնություն են հասկանում: Սակայն բռնությունը շատ այլ ձեւեր էլ ունի, որոնց թվում են հոգեբանական եւ տնտեսական բռնությունները:
Հոգեբանական բռնությունն իրենից ի՞նչ է ներկայացնում: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է «Կանանց աջակցության կենտրոնի» մասնագետ Հասմիկ Գեւորգյանը:
Հոգեբանական բռնությունը բռնության այնպիսի տեսակ է, որը կարող է հանգեցնել հոգեբանական տրավմայի, դեպրեսիայի, տագնապի հետ կապված խանգարումների եւ այլ խնդիրների: Հոգեբանական բռնությունը նաեւ նվազեցնում է մարդու ինքնագնահատականը, բացասաբար է ազդում նրա ինքնահարգանքի վրա, սահմանափակում է նրա ազատությունը:
Նման բռնություն կարող է տեղ գտնել աշխատավայրում, ուսումնական հաստատություններում, սակայն ամենից հաճախ տեղի է ունենում ընտանիքում:
Ինչպե՞ս է սովորաբար ի հայտ գալիս հոգեբանական բռնությունը:
• Ինչպես բացատրել է մասնագետը, եթե ամուսինը կնոջը ժամանակ առ ժամանակ վախի մեջ է պահում, դա հոգեբանական բռնության դրսեւորում է: Նման բան այսօր տեղի է ունենում շատ ընտանիքներում, սակայն նման բռնության զոհերը սովորաբար նույնիսկ չեն կռահում, որ դա հակաբնական է եւ սխալ:
• Կնոջը մեկուսացնելու, նրան ազգականների եւ ընկերների հետ շփվել թույլ չտալու փորձերը եւս հոգեբանական բռնության ձեւեր են: Ցավոք, մեր հասարակությունում դա բավականին հաճախ է տեղի ունենում, ընդ որում եւ բռնակալը, եւ զոհը ենթադրում են, թե դա նորմալ է:
• Ստորացումները, քննադատությունը, ավելորդ խանդը եւս հոգեբանական բռնության դրսեւորումներ են եւ բացասաբար են ազդում մարդու ինքնագնահատականի եւ արժանապատվության վրա:
• Վախեցնելը, սպառնալիքները, նույնիսկ եթե դրանք ընդամենը խոսք են եւ գործի չեն հասնում, եւս հոգեբանական բռնության դրսեւորումներ են:
Ինչպե՞ս է հնարավոր ինքն իրեն պաշտպանել հոգեբանական բռնությունից:
Նախ եւ առաջ ցանկալի է, որ կինը լավ իրազեկված լինի իր իրավունքների մասին. այդ դեպքում անհամեմատ ավելի դժվար կլինի նրան վախեցնելն ու նեղելը:
Մեծ դեր է խաղում նաեւ դաստիարակությունը: Եթե ծնողները ճիշտ են դաստիարակում իրենց երեխաներին, անհամեմատ ավելի փոքր է հավանականությունը, որ ապագայում նրանք ընտանեկան բռնության զոհ կդառնան: Ինչպես նշել է Հասմիկ Պողոսյանը, ծնողները պիտի միանման վերաբերվեն տղաներին եւ աղջիկներին եւ նրանց բացատրեն, որ ցանկացած մարդ սովորելու, շփվելու, որոշումներ կայացնելու, անհրաժեշտության դեպքում բժշկի դիմելու իրավունք ունի եւ այլն: Երեխան պիտի մանուկ հասակից հասկանա, որ եւ տղամարդը, եւ կինը հավասար իրավունքներ ունեն: Երբ նման երեխաները մեծանան, նրանց նեղելն անհամեմատ ավելի բարդ կլինի, քան նրանց, ում ներշնչել են, որ իրենք չեն կարող սեփական կարծիք ունենալ:






