Եթե մարդը, տանը նստած, որոշում է, որ պիտի շտապ ինչ-որ դեղ խմի, դա ինքնաբուժում է, որը չի կարելի անել, դա սխալ պրակտիկա է:  Անկախ այն բանից` խոսքը հակաբիոտիկի մասին է, թե ոչ, դեղը կարող է նշանակվել միայն բժշկի կողմից:   Դեղատների աշխատակիցներին թույլատրված է խորհուրդներ տալ գնորդներին, ասենք, ցավազրկող դեղամիջոցների վերաբերյալ: Բայց նրանք անպայման պիտի զգուշացնեն, որ այս կամ այն ցավը կարող է հիվանդության հետեւանք լինել եւ բժշկին դիմելը պարտադիր է:  Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` մեկնաբանելով այն մտահոգությունը, թե դեղերի վաճառքի պահանջների խստացումը   (մասնավորապես,  «Դեղերի մասին» քննարկվող օրենքի համաձայն,  հակաբիոտիկներ եւ որոշ այլ դեղամիջոցներ հնարավոր կլինի վաճառել միայն դեղատոմսով) կարող է հանգեցնել նրան, որ հիվանդին շտապ դեղ անհրաժեշտ կլինի, իսկ բժիշկը, որը կարող է դեղատոմս գրել, անհասանելի կլինի: 

«Պահանջները խստացնելով` մենք պաշտպանում ենք մարդկանց», - հավաստիացրել է նա` հավելելով, որ շատ հաճախ գրիպի ընթացքում մարդիկ սեփական նախաձեռնությամբ հակաբիոտիկներ են գնում, որոնք ոչ միայն չեն օգնում վիրուսային հիվանդությունների պարագայում, այլեւ անուղղելի վնաս են հասցնում առողջությանը: «Ինքնաբուժման ոչ մի տեսակ ընդունելի չէ: Դուք բժշկի չեք գնում, որովհետեւ ձեզ դեղ է անհրաժեշտ: Դուք բժշկի եք գնում, որովհետեւ դուք բուժման կարիք ունեք», - ասել է նա:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անհրաժեշտ է երկար ժամանակով դեղ ընդունել, դրա համար եւս, Սերգեյ Խաչատրյանի, խոսքով,  նոր օրենքում լուծումներ են նախատեսված: Մասնավորապես, նույն դեղատոմոսով հնարավոր կլինի դեղ գնել այնքան անգամ, որքան անհրաժեշտ կլինի:  

Փոխնախարարը նշել է, որ այդ գործընթացն ավելի կհեշտացնի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, եւ այժմ Հայաստանում փորձարկվում է այդ ծրագիրը: «Բոլոր դեղատները կմիանան այդ համակարգին, եւ դրանում նաեւ առցանց դեղեր նշանակելու հնարավորություն կլինի:  Այսինքն, եթե խրոնիկ հիվանդին շտապ պետք լինի բժշկի կարծիք, կկարողանա էլեկտրոնային համակարգով կապվել նրա հետ եւ եթե լրացուցիչ հետազոտությունների կարիք չլինի, բժիշկը կարող է էլեկտրոնային տարբերակով նշանակում անել», - պարզաբանել է նա, հավելելով, որ դա ժամանակակից ուղի է եւ դրանով կապահովվի բնակչության պաշտպանությունը: 

Նշենք, որ ներկայումս եւս առկա է որոշում, համաձայն որի, չի կարելի առանց դեղատոմսի հակաբիոտիկներ վաճառել, բայց դրա չկատարումը որեւէ պատիժ չի ենթադրում:  «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն, որը ներկայումս քննարկվում է Ազգային ժողովում, այդ կետի խախտման համար շատ բարձր տուգանքներ են նախատեսված: