Վիրաբույժների հայկական ասոցիացիայի դեկտեմբերի 4–ին կայացած հերթական նիստի ժամանակ նոր նախագահի պաշտոնում միաձայն  ընտրվեց ԵՊԲՀ  Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը: Նիստին մասնակցում էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը նիստի բացման խոսքում նշեց, որ նիստը հրավիրված է  նոր նախագահություն ընտրելու  նպատակով:

Հովհաննես Սարուխանյանը ղեկավարել է այս մասնագիտական միավորումը 1987 թվականից սկսած: Նա համառոտ ներկայացրեց մեր երկրում վիրաբուժության  սկզբնավորման, կայացման եւ զարգացման ուղին: Պրոֆեսորը անդրադարձավ, թե  հաջողություններին, թե  խնդիրներին:

Ողջունելով ասոցիացիայի անդամներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  եւս մեկ անգամ կարեւորեց մասնագիտական միավորումների հետ արդյունավետ համագործակցությունը: Նախարարի գնահատմամբ`  ասոցիացիաները պետք է  մասնակից լինեն առողջապահության  համակարգում որակի ձեւավորման,  էթիկական, ինչպես նաեւ բժիշկի գործունեությանը վերաբերող այլ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացին:

«Մասնագիտական միավորումների հետ համագործակցությունը մեր աշխատանքի կարեւոր մասն է: Մենք սերտ աշխատում ենք  մասնագիտական միավորումների հետ` զարգացնելով տարբեր ուղղություններ»,- նշեց Արմեն Մուրադյանը:  Նա  մեծապես կարեւորեց ավանի վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անգնահատելի ներդրումը Հայաստանում վիրաբուժության զարգացման եւ այս ասոցիացիայի ղեկավարման գործում:

Նիստի ընթացքում Հովհաննես Սարուխանյանը  ճանաչվեց ասոցիացիայի պատվավոր նախագահ: