Մոլեխաղերը ոչ միայն խփում են մարդկանց գրպանին, այլեւ լուրջ վտանգ են ներկայացնում նրանց առողջությանն ու բարեկեցությանը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել հոգեբան Իրինա Ծատուրյանը: 

Մոլեխաղերով տարվելը, հոգեբանի խոսքով, նույնպիսի մոլուցք է, ինչպիսին թմրամոլությունն ու հարբեցողությունը եւ նույնչափ վտանգավոր է: Այդ հակումը սովորաբար ի հայտ է գալիս պատանեկան հասակում`  սովորաբար` տղաների մոտ:  Տղայի կյանքում մի անգամ հայտնվելով` մոլեխաղերը մեծ տեղ են զբաղեցնում դրանում եւ հսկայական ազդեցություն են թողնում դրա վրա` նրան թույլ չտալով զարգանալ այնպես, ինչպես պետք է` սպառնալով առողջությանը եւ ընտանիքի բարեկեցությանը, որը նա կստեղծի ապագայում: 

Ընտանիքի անդամներից մեկի խաղամոլությունը հսկայական վնաս է հասցնում ընտանեկան ամբողջ բյուջեին: Ավելին` այն, ինչպես նշել է Իրինա Ծատուրյանը, կարող է մարդկանց հանցագործությունների ու նույնիսկ ինքնասպանության դրդել: Ցավոք, ճշգրիտ վիճակագրություն այս ոլորտում չկա, բայց մասնագետները պնդում են, որ ինքնասպանների թվում քիչ չեն մոլեխաղի սիրահարները: 

Ինչպես նշել է հոգեբանը, պատահական չէ, որ խաղամոլությունն այսօր հիվանդություն է համարվում, ընդ որում` խրոնիկական: Ցավոք, ինչպես ցույց է տալիս փորձը, մոլեխաղերի սիրահարների սոսկ  1-2 տոկոսն է հաջողությամբ բուժվում իր կախվածությունից, հատկապես` երիտասարդ տարիքում: Ավելի մեծ տարիքում հոգեբանի կարծիքով մի քիչ ավելի հեշտ է ազատվել այդ կախվածությունից: