Բրազիլիայի իշխանություններն անհանգստացած են Զիկա հարուցիչի տարածումից: Համեմատաբար անվնաս համարվող այս միկրոօրգանիզմի հետ են կապում միկրոցեֆալիայի   (ուղեղի եւ գանգի բնածին փոքրացում, որը մտավոր հետամնացության է հանգեցնում) բազմաթիվ դեպքերը, տեղեկացնում է Science News-ը:

2015-ին Աֆրիկայից եւ Ասիայից Հարավային Ամերիկա հասնելով` Զիկա հարուցիչը շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհամասում:  Վարակումը տեղի է ունենում մոծակների խայթոցից, որոնք տարածված են ինչպես հարավամերիկյան երկրներում, այնպես էլ` Հյուսիսային Ամերիկայում:  

Հարուցիչը համեմատաբար նոր է համարվում եւ դրա դեմ պատվաստանյութ առայժմ չի ստացվել: Դրա հետեւանքով Զիկա տենդ է առաջանում, որի ախտանիշներից են մաշկի ցանը եւ ջերմությունը: Ընդհանուր առմամբ ախտանիշները նման են Դենգեի տենդի նշաններին  (երկու հիվանդությունն առաջացնող հարուցիչները  Flaviviridae ընտանիքին են պատկանում), սակայն Զիկայի ախտանիշներն ավելի մեղմ են եւ ի հայտ են գալիս ոչ բոլոր վարակվածների մոտ: 

Բրազիլացի մասնագետները Զիկա հարուցիչի գործունեության հետ են կապում նորածինների մոտ միկրոցեֆալիայի զարգացումը: Այսպես, հարուցիչը հայտնաբերվել է պտղի ամնիոտիկ հեղուկում, ինչպես նաեւ միկրոցեֆալ երեխաների հյուսվածքներում, որոնք մահացել էին ծնվելուց անիջապես հետո:   

«Դա վկայում է այն մասին, որ հարուցիչն ի վիճակի է անցնել վարակված մոր  ընկերքի միջով եւ վարակել պտղին: Հնարավոր է, որ այն հարձակվում է նյարդային բջիջների վրա», — հայտնել է  Ռիո դե Ժանեյրոյի Դաշնային համալսարանի նեյրոկենսաբան Պատրիսիա Գարսեսը (Patricia Garcez): 

Սակայն այսօրվա դրությամբ հարուցիչային վարակի եւ միկրոցեֆալիայի միջեւ կապը չի ապացուցվել: Ներկայումս բրազիլացի հետազոտողներն աշխատում են` պարզելու Զիկայի ազդեցությունը ուղեղի զարգացման վրա: Այդ նպատակով Գերսեսն ու իր գործընկերներն օգտագործում են «ուղեղանման կառույցների» մեթոդը, որոնք ստացվում են ցողունային բջիջներից` լաբորատոր պայմաններում ուղեղի զարգացման գործընթացների մոդելավորման համար: