Մոլեխաղերը լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց համար, այդուհանդերձ, դրանք այսօր ազատորեն գովազդվում են, ընդ որում այդ գովազդը կարող են տեսնել ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաները: Գովազդը հզոր քարոզչական գործիք է, դրա համար էլ մոլեխաղերի գովազդը Հայաստանում պետք է արգելել, համարում է տնտեսագետ Կարինե Ասրյանը:

Նրա խոսքով, մոլեխաղերի գովազդը ազդում է ոչ թե մարդկանց գիտակցության, այլ ենթագիտակցության վրա՝ նրանց ներշնչելով որոշակի մտածելակերպ: Դեռահասը, տեսնելով նման գովազդ, սկսում է մտածել, թե մոլեխաղերի օգնությամբ կկարողանա արագ փող աշխատել՝ բացի դրանից խաղալն ավելի հեշտ է, քան աշխատելը: Նրա համար դա դառնում է ամբողջ կյանքի ծրագիր, ու հենց այդ ծրագրով է նա հետագայում առաջնորդվում՝ իր բոլոր փողերը ծախսելով խաղերի վրա, փնտրելով «հեշտ» փողեր ու չցանկանալով աշխատել:

Ինչպես նշեց Կարինե Ասրյանը, ամենավատն այն է, որ Հայաստանում մոլեխաղերը հաճախ գովազդում են հանրահայտ մարդիկ, որոնք որոշակի ազդեցություն ունեն երիտասարդների վրա: Հոգեբան Իրինա Ծատուրյանը նույնպես հաստատեց, որ մի բան է երբ գովազդում անհայտ դերասան է հայտնվում, մեկ այլ բան՝ երբ հայտնի մարդ: Հայտնի մարդկանց շատերն ընկալում են որպես իրենց ընկերների, ու մեծ է հավանականությունը, որ էկրաններից հնչող նրանց խորհրդին դեռահասները կհետեւեն ու կգնան մոլեխաղեր խաղալու:

Կարինե Ասրյանն էլ իր հերթին մոլեխաղերի գովազդում նկարահանվող բոլոր հանրահայտ դերասաններին ու հասարակական գործիչներին սթափվելու կոչ արեց՝ հանուն հոնորարների նրանք վտանգի են ենթարկում հսկայական քանակության մարդկանց, որոնք տեսնելով նրանց մասնակցությամբ գովազդը՝ կարող են իրոք սկսել խաղալ ու կործանել թե իրենց, թե իրենց ընտանիքների կյանքը

Կարինե Ասրյանի կարծիքով, Հայաստանում մոլեխաղերի գովազդը պետք է արգելել կամ էլ այնպես անել, որ երեխաներն ու դեռահասները դրանք չտեսնեն: