Ազարտային խաղերը, որպես կանոն, մարդու եւ նրա ընտանիքի կյանքը: Իսկ ինչո՞ւ են մարդիկ խաղամոլ դառնում: Ի՞նչն է ստիպում խաղալ: Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշում է մի քանի պատճառ, որոնք մարդկանց ստիպում են տարվել ազարտային խաղերով, իսկ հետո չեն կարողանում կանգ առնել:
Միայնություն
Միայնությունը պատճառներից մեկն է, որը մարդուն ստիպում է նստել թղթախաղի սեղանի կամ խաղային սարքի առջեւ: Ընդ որում, մարդը կարող է ընտանիք ունենալ, բայց այս կամ այն պատճառով իրեն միայնակ զգալ:
Ինֆանտիլություն
Ինֆանտիլ մարդը նա է, ով, երեխայի նման, իր խնդիրների լուծումը թողնում է ուրիշների վրա: Հոգեբանի խոսքով, երեխան հաճախ հիմար եւ չգիտակցված արարքներ է գործում, խաղում հանուն հաճույքի՝ ամենեւին չմտածելով այն մասին, թե հետո ինչպես է դուրս գալու ստեղծված իրավիճակից (օրինակ՝ ինչպես է վճարելու պարտքերը): Արդյունքում այդ խնդիրների լուծումը մնում է նրա հարազատների ուսերին:
Ինքն իրենից անբավարարությունը
Ինքն իրենից եւ կյանքից անբավարարությունը նույնպես կարող է հանգեցնել խաղամոլության: Շատերը պարզապես չեն հասկանում, որ մեծագույն հաճույքը որեւէ նպատակն ունենալն ու դրան հասնելն է: «Երբ մեզ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, երբ մեզ հաջողվում է դա անել, մեծ բավարարություն ենք զգում»,- նշում է հոգեբանը: Բայց կան մարդիկ, որոնք չեն կարողանում դա գիտակցել ու գնահատել: Նրանք կարող են տարվել խաղերով՝ հույս ունենալով դրանց մեջ բավարարություն գտնել, որի կարիքն ունեն կյանքում:
Ագահություն
Ագահությունը շատ հաճախ նույնպես հանգեցնում է խաղամոլության զարգացման. մարդը ցանկանում է շատ գումար ստանալ եւ հավատում է, որ դա կարելի է անել ազարտային խաղերի օգնությամբ:
Ծուլություն
Ոմանք պարզապես ծուլանում են աշխատել: Պատահաբար հաղթելով խաղում՝ նրանք սկսում են մտածել՝ ինչո՞ւ աշխատանքի գնալ եւ հոգնել, եթե կարելի է միանգամից մեծ գումար շահել: Նույնիսկ այն, որ ամեն անգամ պարտվում են, նրանց չի համոզում սխալ մտածելակերպի հարցում. կարծում են, որ հաջորդ անգամ անպայման իրենց բախտը կբերի:






