ՌԴ Յակուտիայի Հանրապետությունում թունավորման ախտանիշներով հիվանդանոց է տեղափոխվել 58 մարդ, այդ թվում՝ 42 երեխա։ Նրանցից 39-ը հոսպիտալացվել են։ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները պարզել են, որ զանգվածային թունավորման պատճառ են դարձել մեղրով տորթերը, որոնց մեջ ստաֆիլոկոկ է հայտնաբերվել։

«Պատրաստի արտադրանքից,  կիսաֆաբրիկատներից, ջրից, դեզինֆեկցիոն միջոցների,ց տորթերի մնացորդներից, սարքավորումներից նմուշներ են վերցրել լաբորատոր ուսումնասիրության համար։ Նախնական տեղեկություններով՝ տորթի մեջ հայտնաբերվել է պաթոգեն ստաֆիլոկոկ։ Տարածքն ու սարքավորումները կնքվել են, ցեխի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, հարուցվել է վարչական վարույթ, գործի նյութերը կփոխանցվեն դատարան»,- ասված է «Ռոսպոտրեբնադզորի» հայտարարության մեջ։

Հետաքննության ընթացքում մասնագետները իրացումից հանել են «Նարիյաանա» հրուշակեղենի ցեխի ավելի քան 60 կգ արտադրանք։