Ջրի պլաստիկ շշերը փոքր քաշ ունեն, չեն ջարդվում եւ շատ հարմար են օգտագործման համար: Սակայն դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար եւ հանգեցնել մի շարք խնդիրների, որոնց թվում է անպտղությունը: Այդ մասին տեղեկացնում են Australian Catholic University-ի մասնագետները:
Վերոհիշյալ համալսարանի գիտնականների մի խումբ մի շարք փորձարկումներ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ պլաստմասսայի արտադրության մեջ բիսֆենոլ-Ա տոքսին է օգտագոծվում, իսկ ժամանակի ընթացքում այդ թունանյութը շշից ջրին է անցնում: Հետազոտողների խոսքով, այդ նյութի մեծ խտությունը կարող է անպտղության եւ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիաների հանգեցնել: Բացի այդ, այդ տոքսինի օգտագործումը կարող է նպաստել ճարպակալմանը, հորմոնային ֆոնի խանգարմանը եւ գլխացավերի ի հայտ գալուն:
Ինչպես հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը` Քրիս Ուինդերը, գիտնականները կամավորների մեզում ստուգել են բիսֆենոլ Ա-ի առկայությունը եւ պարզել են, որ տոքսինը առկա է անալիզի ենթարկվածների 95 տոկոսի օրգանիզմում: Ընդ որում նշվում է, որ նրանց թվում հղի կանայք եւ երեխաներ կային:
Հետազոտողները հավելում են, որ չորս օր շարունակ նման շշալցված ջրից հրաժարումը թույլ է տալիս արյան մեջ տոքսինի պարունակությունը նվազեցնել 66 տոկոսով:






