Այս տարվա մարտից մինչեւ այսօր Թայվանում Դենգե տենդով վարակվել է 39 350 մարդ, նրանցից 184 ը մահացել են: Հիվանդությունների վերահսկողության տեղի կենտրոնի՝ Centers for Disease Control-ի տվյալներով՝ սա Թայվանի պատմության մեջ արեւադարձային տենդի խոշորագույն բռնկումն է:

Առավել լուրջ համաճարակային իրավիճակ է ստեղծվել Տայնան հարավ արեւմտյան մունիցիպալիտետում, որտեղ գրանցվել է տենդով հիվանդացության գրեթե 23 հազար դեպք, որոնցից 112-ը՝ մահացու ելքով եւ Գաոսյուն նավահանգստային քաղաքում, որտեղ 17 հազար հիվանդ ու 70 մահացած կա:

Ինչպես հայտնում են առողջապահության տեղական ծառայությունները, օրական մոտավորապես 200 նոր դեպք է բացահայտվում: Մասնագետների կարծիքով ինֆեկցիայի հետագա տարածման հավանականությունը մեծ է, քանի որ ձմռան սկիզբը տաք ու խոնավ է: Իսկ եղանակային նման պայմաները նպաստում են ախտածին վիրուսը տարածողների՝ Aedes aegypti մոծակների բազմացմանը:

Տենդի ախտանշաններն են բարձր ջերմությունը, ուժեղ գլխացավերը, մկանային ցավերը, աղեստամոքսային խնդիրներն ու ցանը: Տենդը կարող է վերածվել հեմորագիական տենդի, որն արդեն կարող է մահացու լինել: