Հավայան կղզիներում գրանցվել է Դենգե տենդի անսովոր բռնկում՝ արդեն 139 մարդ է վարակվել, ու տեղական իշխանությունները փնտրում են հիվանդության տարածումը կանգնեցնելու միջոց: Առողջապահության բաժանմունքի տվյալներով, վարակվածներից 122–ը տեղի բնակիչներ են, իսկ 17-ը՝ հյուրեր ու զբոսաշրջիկներ:

Ինչպես հայտնում են Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնից՝ Դենգե տենդը վերահսկելը շատ բարդ է, ու բռնկումը կանգնեցնելու արդյունավետ միջոց չկա: Պատճառներից մեկն այն է, որ վարակված մարդը տանը չի մնում. նա դուրս է գալիս փողոց, որտեղ նրան կարող է խայթել միջատ: Իսկ հետո այդ միջատը կարող է էլի ինչ -որ մեկին խայթել՝ դրանով իսկ տարածելով վարակը:

Հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման կենտրոնից Լիլ Փեթերսոնի խոսքով այսօր Հավայան կղզիներում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան պաշտոնական 139-ը: Բոլորին հաշվելն անհնար է թվում, քանի որ ոչ բոլորն են դիմում բժշկի, ոմանց թվում է, թե իրենք ընդամենը մրսել են եւ շուտով կապաքինվեն:

Դենգե տենդը տարածողներն են համարվում Aedes aegypti արեւադարձային մոծակները: Տենդը կարող է սկսվել թեթեւ ախտանշաններից, բայց կա վտանգ, որ այն կարող է վերածվել հեմորագիկ տենդի, որը սպանում է հիվանդների 20 տոկոսին: Իհարկե պատշաճ խնամքի ու բուժման դեպքում (չնայած Դենգե տենդի համար որեւէ հատուկ բուժում ու պատվաստանյութ չկա) մահվան վտանգը նկատելիորեն նվազում է: