Հայաստանի բուժհաստատությունները մոտ ժամանակներս սառնարանային նոր խցեր կստանան, որոնցում շատ ավելի անվտանգ կլինի պահել պատվաստանյութերը: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Ազգային պահուստում, ինչպես պատմեց մասնագետը, արդեն տեղադրված են նոր սառնարանային սենյակ-խցեր, որոնք հագեցած են ազդանշանային համակարգով ու էներգիայի այլընտրանքային աղբյուրով: Եթե էլեկտրաէներգիան հանկարծ անջատվի, սենյակում այընտրանքային աղբյուրի առկայության շնորհիվ հնարավոր կլինի պահպանել անհրաժեշտ ջերմաստիճանը, ու պատվաստանյութերը չեն փչանա: Խնդիրներ առաջանալու դեպքում ազդանշանային համակարգը անմիջապես կկանչի մասնագետներին:
Մոտ ապագայում նույնատիպ սառնարաններ կտեղադրվեն նաեւ մարզային կլինիկաներում, Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններում, նաեւ բոլոր ամբուլատորիաներում, որտեղ այս պահին պատվաստանյութերի պահպանման հետ կապված խնդիր կա (օրինակ սառնարանները հին են կամ էլ չափից փոքր):
Ինչպես նշեց մասնագետը, նաեւ որոշ փոփոխություններ են ակնկալվում նաեւ պատվաստանյութերի համար սառցախցերում ջերմաստիճանի վերահսկողության համակարգում: Եթե առաջ բոլոր բուժհաստատություններում ջերմաստիճանային ռեժիմի վերահսկողության գործում կար մարդկային գործոնը (կլինիկայի աշխատակիցը առավոտյան ու երեկոյան գրանցում էր ջերմաչափի տվյալները), ապա հիմա օգտագործվելու են էլեկտրոնային սարքեր, որոնք կանոնակարգում են ջերմաստիճանը սառնարանային խցերում: Այդ սարքերի աշխատանքի համար արդեն պետք չի լինի մարդու մասնակցությունը, սարքավորումները կհավաքեն 30 օրվա տվյալները, իսկ ստուգման եկած մասնագետները կկարողանան այդ տվյալներով տեսնել՝ արդյոք սառնարանային խցում ջերմաստիճանի տատանումներ եղել են, թե ոչ:
Գայանե Սահակյանը հիշեցրեց, որ պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետույթունը պահպանելու համար ծայրաստիճան կարեւոր է, որ դրանք պահվեն պատշաճ պայմաններում, ջերմաստիճանային ճիշտ ռեժիմում:






