Վերջին 14 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում հնարավոր է եղել հասնել մալարիայով հիվանդացման դեպքերի թվի զգալի նվազման, ինչը հնարավորություն է տվել միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկել եւ միլիոնավոր դոլարներ խնայել: Ընդ որում, ԱՀԿ-ի եվրոպական բաժանմունքին հաջողվել է ամբողջությամբ ազատվել մալարիայի «տեղական» դեպքերից: Այդ մասին ասվում է մալարիայի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատրաստած զեկույցում:  

Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, 57-ը այն 106 երկրից, որում 2000-ին մալարիայի դեպքեր էին արձանագրվել, 2015-ին այդ հիվանդության ծավալների կրճատում է արձանագրվել, նվազագույնը` 75 տոկոսով: Եվս 18 երկիր այդ ժամանակահատվածում 50-75 տոկոսով կրճատել է այդ հիվանդությամբ հիվանդացման դեպքերը: Մալարիայից մահացությունը 2000-ից 2015 թվերի ընթացքում նվազել է 60 տոկոսով:

Նման հաջողության հնարավոր է եղել հասնել ամբողջ համաշխարհային հանրության ջանքերի շնորհիվ, այդ թվում նաեւ` հակամոծակային ցանցերի տարածման: 

«Այս հարյուրամյակի սկզբից ի վեր մալարիայի կանխարգելման եւ բուժման նախագծերն օգնել են կանխարգելել մոտ վեց միլիոն մարդու մահը», - ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը: Նա հավելել է, որ այսօր բոլորը գիտեն, թե ինչ ռազմավարություններ են արդյունք տալիս: Այժմ գլխավոր խնդիրը այդ ռազմավարությունների իրականացման ջանքեր աճեցնելն է: