Իմունականխարգելման կազմակերպման գործընթացում ներգրավված բոլոր մասնագետները 2016 թ. Հայաստանում վերապատրաստում կանցնեն ու կմասնակցեն որակավորման բարձրացման հատուկ դասընթացների: Այս մասին NEWS.am Medicine թղթակցին հայտնել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Առաջին նման դասընթացը, որը նվիրված էր պատվաստումների անվտանգության հարցերին ու հակացուցումներին, անցել է Երեւանում մի քանի օր առաջ ու այն վարել է պատվաստումների հարցերով միջազգային փորձագետ Ֆեդերիկո Մարտինիո Տորեսը, որը Հայաստան էր ժամանել իր օգնականի հետ միասին: Նրանք հայ մասնագետներին պատմել են պատվաստումների արդյունավետության ու անվտանգության, իրական ու հորինված հակացուցումների, նաեւ այն մասին, թե ինչ բարդություններ կարող են լինել պատվաստումներից հետո ու ինչ է պետք անել այդ դեպքում :

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, այդ դասընթացը հայ մասնագետներին շատ նոր ու կարեւոր տեղեկություններ է տվել, որոնք հիմնված են գիտական տվյալների ու հետազոտությունների վրա: Այդ ամբողջ տեղեկատվությունը պետք է նրանց օգնի ամենօրյա աշխատանքում

Գալիք տարվա համար ծրագրված դասընթացները նվազ հետաքրքիր չեն լինի, ու ինչպես հույս ունեն մասնագետները, կօգնեն բարձրացնել Հայաստանի բուժաշխատողների որակավորումը: