Հայաստանի Հանրապետությունում գրիպով եւ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։ Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով դիտվում է սուր շնչառական վարակների եւ գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ եւ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա եւ Բ տեսակի վիրուսներ: Հանրապետությունում առկա են գրիպի ցանկացած տեսակի եւ ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով եւ սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:

Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ:

Գրիպի տեսակներ եւ ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները եւ Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում:

Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաեւ տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում:

Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:

Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով եւ վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա եւ Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում: