Հանրապետության առաջատար ռադիոլոգների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում  քննարկվեցին  ճառագայթային  ախտորոշման  ոլորտի արդիական խնդիրները: 

Մասնագետների`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրած օրակարգային հարցերի թվում էր մասնագիտական միասնական կառույց ունենալու հարցը:

«Մենք կարեւորում ենք այս ոլորտում  եւս ունենալ մեկ, միաձուլված միասնական դաշտ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Նա հորդորեց քննարկման  մասնակիցերին հաջորդ տարվա սկզբին  հասարակական գործունեությունը կենտրոնացնել մեկ  անկախ մասնագիտական կառույցում, որը կունենա ղեկավար մարմին, ոլորտի զարգացման  հստակ տեսլական,  կանցկացնի տարեկան ժողովներ եւ կկարողանա համախմբել հանրապետության  ռենտգենաբան-ռադիոլոգներին, կառաջնորդվի  հաստատված չափորոշիչներով:

Նախարարը մեծապես կարեւորեց մասնագիտական միավորումների գործունեությունը, որն առաջին հերթին պետք է միտված լինի ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծման ուղիների մշակմանը:

Արմեն Մուրադյանը խոսեց նաեւ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին, որի  նպատակը առողջապահության համակարգում գործունեություն իրականացնող բուժաշխատողների մասնագիտական որակների եւ նրանց գիտելիքների բարձրացումն է։

Նախագիծը ենթադրում է շարունակական մասնագիտական զարգացման ապահովում: Բուժաշխատողները յուրաքանչյուր հինգ տարին մեկ պետք է հավաստագրում անցնեն` ըստ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաեւ ձեռք բերված գիտելիքների եւ հմտությունների գնահատման հիման վրա:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի խոսքով` տարիների փորձը վկայում է, որ նախարարության հետ առավել սերտ համագործակցում են այն մասնագիտական միավորումները, ովքեր միասնական են աշխատում:

«Այս կառույցներն աջակից են նախարարության վարած քաղաքականությանը: Մենք սպասելիքներ ունենք մասնագիտական միավորումներից»,-  ասաց նախարարի տեղակալը:

Խորհրդակցության ընթացքում մասնագետներն անդրադարձան նաեւ  ոլորտի այլ հարցերի, որոնց թվում էր նաեւ ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների  իրականացումը,  հիվանդի եւ բուժանձնակազմի անվտանգության  ապահովումը: