Դենգե տենդի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը գրանցվել է Մեքսիկայում. տեղի իշխանությունները թույլտվություն են տվել նոր պատվաստանյութն օգտագործել այն վայրերում, որտեղ այդ վտանգավոր տենդի տարածման բարձր էնդեմիկ մակարդակ է գրանցվել: Այդ մասին տեղեկացրել է Մեքսիկայի առողջապահության նախարարությունը:  

Հաղորդագրության համաձայն, այդ պատվաստանյութի արդյունավետությունը, անվտանգությունը եւ որակը ապացուցվել են աշխարհի 15 երկրում 40 000 մարդու մասնակցությամբ իրականացված հետազոտության ընթացքում: 

Մեքսիկական իշխանություններն առայժմ թույլ են տվել նոր պատվաստանյութն օգտագործել այն շրջաններում միայն, որոնք հիվանդության տարածման բարձր էնդեմիկ մակարդակ ունեն: Պատվաստել կարելի կլինի  9-ից 45 տարեկան մարդկանց:

«Մեքսիկան մեկն էր այն երկրներից, որտեղ մենք սկսել էինք մեր կլինիկական փորձարկումները, նա հենց սկզբից օգնում էր նախագծին», – նշել է պատվաստանյութի արտադրող ֆրանսիական  Sanofi Pasteur ընկերության ներկայացուցիչ Օլիվյե Շարմեյը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության   (ԱՀԿ) տվյալներով, ամեն տարի աշխարհում դենգե տենդով վարակվում է   390 միլիոն մարդ, որոնցից  100 միլիոնը` հիվանդության լուրջ տարատեսակով: Տենդից մահացության աստիճանը եւս բավականին բարձր է:  Հիշեցնենք, որ դենգե տենդը հարուցչային վարակ է, որը փոխանցվում է մոծակների խայթոցով: Տենդի հիմնական ախտանիշներն են` բարձր ջերմաստիճան, սրտխառնոց, ցան, գլխացավ եւ գոտկատեղի ցավեր: Տենդի արյունահոսող տեսակը ուղեկցվում է ներքին արյունահոսություններով, որոնք առաջանում են արյունատար անոթների կոլլապսով: Ավելի վաղ տենդի դեմ գոյություն չունեին ոչ վստահելի պատվաստանյութեր, ոչ առանձնահատուկ բուժում: