Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում երկու դեղ ներկրող կազմակերպություններում՝ «Նատալի ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ»՝ գների բարձրացում է արձանագրվել: Այս մասին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնդրանքով ներկայացնելով դեղերի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները:

Նա նշել է, որ հանձնաժողովն ուսումնասիրել է հինգ խոշոր դեղ ներկրողների գործունեությունը, որոնցից գների բարձրացում է արձանագրվել «Նատալի ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» ընկերությունների մոտ:

Շաբոյանի խոսքով՝ «Ալֆա ֆարմ» եւ «Նատալի ֆարմ» ընկերություններում սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածում ուսումնասիրությունները փաստել են, որ բարձրացել են մի քանի տեսակ դեղերի գներ, որոնց թվում են նաեւ արյան ու սրտանոթային հիվանդությունների դեղորայքը:

Ըստ հանձնաժողովի նախագահի, գների բարձրացումը պայմանավորված է այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 483 անուն դեղի գին, գնային էական բարձրացումներ չեն արձանագրվել:

«Դեղերի շուկան մեր ուշադրության կենտրոնում է», – ասել է ՏՄՊՊՀ նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, դեղերի մանրածախ գները նվազել են։