Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում են գենդերային բռնության դեմ 16 օրերը: Հայաստանում այդ 16 օրերին Կանանց դեմ բռնության դաշինքը մի շարք միջոցառումներ էր կազմակերպել բնակչության իրազեկման եւ գենդերային բռնության կանխարգելման նպատակով: Այդ միջոցառումների մասին լրագրողներին պատմել են Մարինե Ադամյանը «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ից, Քրիստինե Պետրոսյանը «Կանանց իրավունքների կենտրոնից», Ժենյա Մայիլյանը «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունից եւ Նինա Քանքանյանը «Կանանց աջակցության կենտրոնից»:
Նոյեմբերի 25-ին Երեւանում երթ էր կազմակերպվել, որը մեկնարկել էր Կասյան փողոցից: Երթի մասնակիցները եկան Հանրապետության հրապարակ, որտեղ բաց նամակ հանձնեցին վարչապետին եւ Արդարադատության նախարարին:
Նաեւ մանկական գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել, որը ներկայացնում էր, թե ընտանիքում բռնությունն ինչպես է անդրադառնում երեխաների վրա: Այդ ցուցահանդեսի, ինչպես եւ 16 օրվա ընթացքում իրականացված այլ միջոցառումների նպատակը, ինչպես նշեց Քրիստինե Պետրոսյանը, տեղեկություններ տարածելն է այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում ընտանեկան բռնությունը եւ ինչպես է արտացոլվում ընտանիքի վիճակի վրա:
Միջոցառումների թվում էին նաեւ 24-ժամյա թատրոնը, պրես-լանչը, սեմինարները լրատվամիջոցների համար, ԵՊՀ-ում պարային ֆլեշմոբը եւ այլն: Ակցիաներ էին կազմակերպվել նաեւ Իջեւան (Տավուշի մարզ) եւ Գավառ (Գեղարքունիքի մարզ) քաղաքներում:
Հետաքրքիր է, որ կազմակերպիչների կարծիքով, բոլոր ակցիաներին եւ միջոցառումներին արձագանքը շատ տարբեր էր. Երեւանում մարդիկ, որպես կանոն, ավելի մեծ հետաքրքրություն էին դրսեւորում, իսկ շրջաններում ավելի հաճախ հերքում էին, որ մեր հասարակությունում գենդերային բռնության խնդիր կա:
Ինչպես նշել է Նինա Քանքանյանը, շատ կարեւոր է, որ գենդերային բռնության խնդրի մասին խոսվի անընդհատ, ոչ թե սոսկ 16 օրվա ընթացքում: Կարեւոր է նաեւ, որպեսզի նման բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ կազմակերպվեն ամբողջ տարվա ընթացքում:






