Հայաստանում ուղղակի անհրաժեշտ է օրենք ընդունել ընտանեկան բռնության մասին, որն ի վիճակի է պաշտպանել այն կանանց իրավունքները, որոնք նման բռնության զոհ են դարձել: Այդպես են կարծում այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ:
Ժենյա Մայիլյանը «Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունից նշել է, որ այսօր շատ կանայք, որոնք բռնության զոհ են դարձել, ոստիկանություն չեն դիմում եւ ոչինչ չեն փորձում ձեռնարկել` դա բացատրելով նրանով, որ իրենց քիչ բանով կարող են օգնել, իսկ հաճախ նույնիսկ համոզում են վերադառնալ ընտանիք եւ շարունակել դիմանալ վատ վերաբերմունքին հանուն երեխաների:
Հայաստանում բռնության զոհերը նաեւ վախենում են, թե փողոցում կհայտնվեն, որովհետեւ նրանք ֆինանսապես կախված են իրենց ամուսիններից եւ ոչ տուն ունեն, ոչ ընտանիք: Ընտանեկան բռնության մասին օրենքի եւ պետական աջակցության բացակայության պայմաններում զոհերի համար շատ դժվար է: Հասարակական կազմակերպությունները, ինչպես նշել է Քրիստինե Պետրոսյանը «Կանանց իրավունքների կենտրոնից», անում են ամեն հնարավորը նման կանանց օգնելու համար` նրանց գոնե հոգեբանական եւ իրավաբանական աջակցությամբ ու օթեւանով ապահովելով, սակայն հասարակական կազմակերպությունների աջակցությունը բավարար չէ: Ավելին, այդ կազմակերպությունների բոլոր օթեւաններն այժմ լիքն են եւ ծածկի ու պաշտպանության կարիք ունեցող նոր կանանց տեղավորելու տեղ չկա:
Հենց դրա համար էլ այնքան կարեւոր է ոչ միայն օրենք ընդունել ընտանեկան բռնության մասին, այլեւ բռնության զոհերին պետական աջակցություն ապահովել, որպեսզի իմանան, որ իրենք միայնակ չեն եւ պաշտպանված են այս երկրում, նույնիսկ եթե հարազատները չեն աջակցում իրենց, պնդում են ՀԿ-ի ներկայացուցիչները:
Մարինե Ադամյանը «Առանց բռնության հասարակություն» ՀԿ-ից իր հերթին նշեց, որ ընտանեկան բռնության մասին օրենքը չպիտի ընդունվի հասարակական կազմակերպությունների ճնշման ներքո, այլ` հասարակության ցանկությամբ եւ պահանջով, որը պիտի բավականաչափ իրազեկված լինի նման օրենքի անհրաժեշտությունը հասկանալու համար:






