Երեւանում անցորդները հաճախ անտարբեր անցնում են փողոցում վիճող զույգի կողքով, նույնիսկ եթե տղամարդը ծեծում է կնոջը եւ դաժանաբար է վարվում նրա հետ: Ինչպես ցույց է տվել «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության կողմից նկարահանված ֆիլմը, անցորդներից քչերն են համարձակվում մոտենալ եւ պաշտպանել կնոջը, որին վիրավորում են:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպությունից Ժենյա Մայիլյանը նշել է, թե մեր հասարակությունն ինչ անտարբեր է բռնության դրսեւորումների հանդեպ: 7 րոպեանոց ֆիլմում, որը նկարահանվել է գաղտնի տեսախցիկների օգնությամբ, կարելի է տեսնել, թե տղամարդն ու կինը (դերասաններ) ինչպես են կռվում փողոցում եւ թե մարդիկ ինչպես են անցնում կողքով, չմիջամտելով, չնայած տեսնում են, որ տղամարդը կնոջ մազերն է քաշում, ջարդում է ձեռքերը եւ այլն:
Դերասաններն այդ սցենարը մի քանի անգամ կրկնել են Երեւանի փողոցներում եւ նկարահանումների ամբողջ ընթացքում ընդամենը հինգ մարդ (4 տղամարդ եւ 1 կին) է մոտեցել ու փորձել միջամտել: Իսկ երբ կազմակերպության աշխատակիցները, որ մոտերքում կանգնած հետեւում էին անցորդների արձագանքին, մարդկանց հարցրել էին, թե ինչու չեն մոտենում եւ ոչինչ չեն ձեռնարկում, վերջիններս պատասխանում էին, որ տեղի ունեցողը վիճող զույգի խնդիրն է: Ընդամենը մի քանի մարդ է միջամտել եւ փորձել կանգնեցնել տղամարդուն, որը կնոջ նկատմամբ դաժան վերաբերմունք էր դրսեւորում: Հետաքրքիր է որ միջամտության բոլոր դեպքերը տեղի էին ունենում քաղաքի կենտրոնում, ծայրամասերում ոչ մի մարդ չէր մոտեցել:
Ֆիլմը նկարահանվել է «Գենդերային բռնության դեմ 16 օր»-ի շրջանակում, Eurasian Women’s Network on AIDS and UN Women-ի աջակցությամբ: Ֆիլմը հնարավոր է դիտել այստեղ - https://www.facebook.com/realwrp/videos/1072801119404795/






