Շատ հայեր ժխտում են Հայաստանում գենդերային ու ընտանեկան բռնությունների առկայությունը: Ինչպես մեզ պատմել են կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ գենդերային բռնությունների 16-օրյակի կապակցությամբ իրենց կազմակերպած միջոցառումները ցույց են տվել, որ շատ հայեր, հատկապես մարզերում, չեն ընդունում, որ իրենց հասարակության մեջ որոշ կանանց իրոք նեղում են:
Մարինե Ադամյանը՝ «Հասարակությունն առանց բռնության» ՈԿԿ-ից, պատմել է, որ ընտանեկան բռնությունների մասին տեղեկությունները տարածելու նպատակով հաարակական կազմակերպությունները միջոցառումներ են անցկացրել Իջեւանում ու Գավառում: Գավառը հայտնի է տղամարդկանցով, որոնք չեն նեղվում ծեծել կանանց: Ու հենց այնտեղ էին կազմակերպության ակտիվիստներին կամ ասում, որ նրանք այդ ամենը հորինում են ու որ իրենց հասարակությունում բռնությունների խնդիր չկա, կամ էլ հավաստիացնում, որ ինչ -որ մեկին ծեծելը միանգամայն նորմալ երեւույթ է եւ իրենք բռնությունները խնդիր չեն համարում:
Անցորդներից մեկը նույնիսկ ասել էր, որ կարելի է ոչ միայն կանանց ծեծել, այլեւ երեխաներին: Իր խոսքերը նա ամրապնդել էր այն երգի բառերով, որտեղ ասվում էր, որ միայն որբերին երբեք ծնողները չեն ծեծել: Ամենից շատ ակտիվիստներին զարմացրել էր այն, որ հավաքվածների մեծ մասը համաձայնել էր նրա հետ ու սկսել ծափահարել:
Կանանց մեծ մասը, որքան էլ տարօրինակ չլինի, նույն ձեւով է արձագանքել այդ միջոցառմանը՝ չնայած ակտիվիստները հույս ունեին, որ կանայք համերաշխություն կդրսեւորեն ու կցանկանան որեւէ բան անել ընտանեկան բռնությունների խնդիրը լուծելու համար: Բայց իրականում բոլորովին այլ կերպ էր ստացվել՝ տղամարդկանց աչքերում ավելի լավ տպավորություն թողնելու համար նրանք պատրաստ էին նույնիսկ վիրավորել Երեւանից եկած ակտիվիստներին:
Մարինե Ադամյանը նաեւ նկատեց, որ Հայաստանի մարզերում աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատմել էին, որ բռնության զոհերի համար նախատեսված թեժ հեռախոսահամարով պաստառները այդ քաղաքներում պատառոտում էին փակցվելուց առավելագույնը 2 ժամ հետո: Ընդ որում այդ պաստառները հիմնականում հենց բռնացողներն էին պատառոտում, որոնք չեն ուզում, որ իրենց զոհերն իմանան, թե ինչ կարելի է անել եւ օգնության դիմեն:






