Հայաստանում շատերը ժխտում են, որ մեր երկրում առկա է գենդերային եւ ընտանեկան բռնության խնդիրը, սակայն այդ խնդիրների առկայության մասին են վկայում զանգերը, որոնք ամեն օր ստանում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները։

Օրինակ, ինչպես մեզ պատմեց «Կանանց իրավունքների կենտրոնի» մասնագետ Քրիստինե Պետրոսյանը, իրենց կազմակերպությունն այս տարի 1497 զանգ է ստացել, որոնցից 1000-ը վերաբերել են ընտանեկան բռնությանը, իսկ մյուս դեպքերում ուղղակի փորձել են տեղեկություն ստանալ կազմակերպության գործունեության մասին։

Նշենք, որ կազմակերպության մարզային գրասենյակները տարեկան ստացել են ընդամենը 654 զանգ, եւ բոլորը բռնության առնչությամբ։ Այն, որ մարզերից ավելի քիչ են զանգահարում, չի նշանակում, որ այնտեղ բռնությունն ավելի քիչ է. պարզապես Երեւանում մարդիկ ավելի լավ են տեղեկացված, թե ինչ է պետք անել, եթե նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում, կամ եթե նրանք ընտանեկան բռնության զոհ են դառնում։ Մարզերում մարդիկ հաճախ լռում են բռնության մասին կամ առհասարակ տեղի ունեցածը բռնություն չեն համարում։

«Կանանց աջակցության կենտրոնի» աշխատակից Նինա Քանքանյանն իր հերթին նշեց, որ տարեկան իրենց կազմակերպությունը ստանում է մոտ 1000 զանգ։ Հայաստանում կան ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց աջակցության մի շարք այլ կազմակերպություններ, եւ եթե նրանց տվյալներն ավելացնենք այս 2000-ին, կստացվի, որ Հայաստանում կանանց հսկայական քանակ բռնության եւ հալածանքների է ենթարկվում։

Նինա Քանքանյանը նաեւ նշել է, որ Հայաստանում շատ են օգնության եւ ապաստանի կարիք ունեցող կանայք։ Դա մեծ խնդիր է հասարակական կազմակերպությունների համար, քանի որ օթեւանների թիվը քիչ է, եւ նրանք այս պահին լեփ-լեցուն են։