Ներկայացումը, որը Երեւանում ցուցադրել են ուսանողներին ու արվեստասերներին, տարբերվում է շատերից ու պարունակում է կարեւոր ուղերձ՝ հղիության ընտրանքային ընդհատումը արդեն ձեւավորված երեխայի սպանություն է, երեխայի, որին գուցե փայլուն ապագա էր սպասվում: Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցին պատմել է դերասան եւ ռեժիսոր Կարո Բալյանը:

«Չմարդիկ» ներկայացումը բեմադրվել է Հովհաննես Թեքգյոզյանի պիեսի հիման վրա՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվերով ու աջակցությամբ: Ներկայացման մեջ խաղացել են «8 Theatre»-ի երեք դերասաններ՝ Արթուր Կարապետյանը, Մարիաննա Եղիազարյանը ու Ժանա Հովակիմյանը:

«Երբ ինձ պատվիրեցին այս ներկայացումը, ինձ համար սկզբում շատ բարդ էր՝ ես մոտիկից ծանոթ չէի այս խնդրին: Բայց երբ խորանում ես՝ հասկանում ես, թե ինչ սարսափելի է, երբ երեխային ընտրություն չեն տալիս՝ ապրել, թե չապրել, ու նրա փոխարեն նրա ճակատագիրը ծնողներն են որոշում: Սելեկտիվ աբորտները սովորաբար կատարվում են հղիության 12-13 շաբաթում, երբ երեխայի սիրտն արդեն ձեւավորված է: Հիմնականում նման աբորտների զոհերն են դառնում աղջիկները, քանի որ բոլորը ուզում են որդի ունենալ: «Բայց մի՞թե աղջիկ երեխան երեխա չէ»՝ ինչպես ներկայացման մեջ է ասվում է», - պատմել է Կարո Բալյանը:

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այս ներկայացուցմը ցուցադրվել է Հայաստանի 7 ուրիշ քաղաքներում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեցին ներկայացման դերասանները, երկրի մարզերում հանդիսականի արձագանքը ներկայացմանը շատ տարբեր էր՝ ոմանք վրդովված վեր էին ցատկում իրենց տեղերից ու ներկայացման ավարտից անմիջապես հետո դուրս գալիս դահլիճից, իսկ մյուսները հեռանում էին հուզված, աչքերին արտասուքներ, ոմանք էլ հավաստիացնում էին, որ Հայաստանում սելեկտիվ աբորտներ չկան (հետաքրքիր է, որ հիմնականում նման բաներ ասում էին հենց այն մարզերում, որտեղ հղիության ընտրանքային ընդհատումների թիվն ամենամեծն է ու որտեղ 100 աղջիկների դիմաց ռեկորդային մեծ քանակությամբ տղաներ են ծնվում):