Երկբեւեռ խանգարումն ախտորոշելն այնքան էլ հեշտ չէ. նույնիսկ փորձառու մասնագետները երբեմն այն շփոթում են դեպրեսիայի եւ այլ խանգարումների հետ: Ինչպես բացատրել են բժիշկ Մարկ Ֆրայը (Mark Frye) եւ իր գործընկերները, ներկայումս ախտորոշում տալու համար հոգեբույժները հետեւում են հիվանդին, ինչպես նաեւ զրուցում են նրա հետ: Սակայն այժմ Մայո կլինիկայի գիտնականներն ախտորոշման ավելի ճշգրիտ մեթոդ են առաջարկել:
Նոր մեթոդը հիմնված է հիվանդից վերցված կենսանմուշներում մի շարք սպիտակուցների հայտնաբերման վրա, որոնք առնչվում են I տեսակի երկբեւեռ խանգարմանը:
Հեղինակները վերլուծել են 272 սպիտակուց, որոնք հայտնաբերվել են արյան նմուշներում: Հետազոտության մասնակիցներից 46-ը տառապում էր I տեսակի երկբեւեռ խանգարմամբ, 49-ը` II տեսակի երկբեւեռ խանգարմամբ, իսկ 52-ը` միաբեւեռ դեպրեսիայով: 141 կամավորից կազմված վերահսկողական խմբից ոչ մեկը որեւէ հոգեկան խանգարումով չէր տառապում: Հետազոտողներին հաջողվեց առանձնացնել 6 սպիտակուց, որոնց խտությունն էականորեն տարբեր էր առողջ մարդկանց մոտ եւ նրանց, որոնք տառապում էին I տեսակի երկբեւեռ խանգարմամբ:
Գիտնականներն ընդգծում են, որ ստացված արդյունքների հաստատման համար ավելի լայնածավալ հետազոտություն է անհրաժեշտ, սակայն չեն բացառում, որ որոշ ժամանակ անց իմունոլոգիական անալիզը կսկսեն օգտագործել կլինիկական պրակտիկայում հոգեկան խանգարումների ախտորոշման համար:
Այս մասին տեղեկացնում է գիտական Translational Psychiatry ամսագիրը:






