Ութամյա ամերիկուհի Քրիսսի Թերները կրծքագեղձի քաղցկեղով ամենաերիտասարդ հիվանդն է: Վերջերս նա մաստեկտոմիա է տարել եւ այժմ, ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, վերականգնվում է վիրահատությունից հետո:
Աղջիկը քաղցկեղի հազվագյուտ տեսակով է տառապում` կրծքագեղձի սեկրետոր կարցինոմայով, որն ինքն է հայտնաբերել իր մարմնում. աղջիկն ինքնուրույն էր նկատել կրծքում տարօրինակ կոշտացումը եւ ծնողների ուշադրությունն էր հրավիրել դրա վրա: Քրիսսիի հոր եւ մոր մոտ եւս նախկինում ուռուցքային հիվանդություններ էին ախտորոշվել. Մայրը արգանդի վզիկի քաղցկեղի դեմ էր բուժում անցել, իսկ աղջկա հայրը մի քանի անգամ պայքարել է լիմֆոմայի դեմ:
Ծնողների խոսքով, աջ կրծքագեղձի վիրահատությունը լավ է անցել, բայց, չնայած դրան, դեռ վաղ է խոսել առողջացման մասին: Աղջիկն այժմ բժիշկների մշտական վերահսկողության տակ կգտնվի: Ամեն երեք ամիսը մեկ Քրիսսին պիտի բժշկի այցելի, որովհետեւ նրա մոտ հայտնաբերված քաղցկեղի տեսակն ավելի հաճախ է վերադառնում, քան կաթնագեղձի ուռուցքների այլ տեսակները: Բացի այդ, հետագայում նրան մի շարք վերականգնողական վիրահատություններ կանեն:






