Մենք շատ կարեւոր նշանակություն ենք տալիս հոգեկան առողջությանը, դրա պահպանմանը ու հոգեկան խանգարումների կանխարգելմանը, նաեւ հոգեբուժության ու հոգեկան առողջության դպրոցի զարգացմանը, այս մասին «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» համաժողովի բացման ժամանակ իր ողջույնի խոսքում հայտնեց Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Նա նշեց, որ պատրաստ է ուսումնական գործընթացի մեջ ներառել այն բոլոր առաջարկներն ու եզրակացությունները, որոնք կհնչեն տվյալ գիտաժողովում:
Միքայել Նարիմանյանը նշեց, որ տվյալ գիտաժողովի նպատակն է հասկանալ, թե ինչ կապ կա հոգեկան առողջության ու ստացված տեղեկատվության միջեւ: Նա հիշեց դեռ ուսանողական տարիներին կարդացած մի մենագրության մասին, որտեղ ձեւակերպված էր, թե ինչպես են մարդու մեջ ձեւավորում էմոցիաները:
«Մարդն ունի տեղեկատվություն ստանալու պահանջ: Եթե ադ պահանջը բավարարող տեղեկատվությունը դրական է, ապա մարդու մոտ դրական էմոցիոնալ ֆոն է ստեղծվում: Ճիշտ նույն ձեւով էլ ստեղծվում է բացասական էմոցիոնալ ֆոնը՝ երբ տեղեկատվությունը բացասական է: Իսկ երրորդ վիճակը տագնապն է, երբ տեղեկատվությունը անորոշ է »,- ասաց նա:
Համաժողովի մասնակիցներին Առողջապահության նախարարության անունից ուղերձն ընթերցեց մասնագիտական բուժօգնության կազմակերպման վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Հոգեկան առողջության հայկական ասոցացիայի հետ համատեղ մշակել է մի շարք ռազմավարական փաստաթղթեր: Ընդունվել է հոգեկան առողջության 2016-2020 թթ. ռազմավարություն, ու արդեն սկսվել է դրա իրականացման գործընթացը:
Դիմելով լրատվամիջոցներին, նա նկատեց, որ հանրային առողջության ոլորտում խոսքի դերը նվազ կարեւոր չէ, քան դեղերը կամ բժշկական միջամտությունը: «Ձեր խոսքը կառուցում է հոգեկան առողջությունը: Ձեզանից է սկսվում երեխաների ու դեռահասների առողջությունը, նրանց հոգեւոր աշխարհի ձեւավորումը: Մենք հասկանում ենք, որ լսարանին ավելի շատ բացասական երանգով պատմություններն են գրավում, բայց լրատվամիջոցներին կոչ ենք անում միանալ առողջապահության այն միտումին, որ առաջնայինը հոգեկան առողջությունն է, ու շատ կարեւոր է հոգեկան հիգիենա պահպանել», - ասաց նա:
Հոգեկան առողջության հայկական ասոցացիայի նախագահ Արմեն Սողոյանն էլ իր ելույթում նշեց, որ լրատվամիջոցները կամ չորրորդ իշխանությունը երբեմն բացարձակ իրական իշխանություն են ստանում, ու այդ պահերին շատ բան է պայմանավորված տեղեկությունները ներկայացնելու ձեւից ու բովանդակությունից: Նա հիշեցրեց Պարույր Սեւակի բանաստեղծության տողերը. «Իսկ իսկություն չէ՞ որ կռվից հետո միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում, եւ ինչ ոչ մի զորք չի կարող անել, լեզուն է անում»։
Նրա խոսքով, վերաձեւակերպելով Սեւակի գրածը՝ կարելի է ասել, որ այսօր արդեն զորքի փոխարեն են լեզուն մարտադաշտ հանում։ Որպես օրինակ նա հիշեցրեց արաբական գարնան իրադարձությունները:
«Մեր խնդիրն է հետեւողականորեն տեղեկացնել, հիշեցնել, ազդարարել այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող են լինել . եթե պատշաճ ուշադրություն չդարձնենք հասարակության առողջությանը ու դրա վրա ազդող գործոններին»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօրվա համաժողովի նպատակն է ցույց տալ լրատվամիջոցների իրական ուժն ու ազդեցությունը հոգեկան առողջության վրա, նաեւ կոչ անել այդ ուժը կառուցողական հունով օգտագործել: «Հակառակ դեպքում ոչ ոք ապահովագրված չէ արտաքին դեպրեսիվ մթնոլորտի խորացման գործում լրատվամիջոցների թեկուզ փոքր ավանդի անկանխատեսելի հետեւանքներից»,- ասաց նա:






