Երեւանում «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» գիտաժողովի Ֆորումի մասնակիցները չեն ընդունել հայտարարության նախապես պատրաստված նախագիծը` որոշելով այն առցանց քննարկման դնել եւ շտկումներ մտցնել: Ուղերձի բովանդակությունը մեղմելու առաջարկով հանդես եկան Երեւանի Պետական համալսարանի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը եւ մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանը:
Ֆորումում հայտարարության տեքստն ընթերցեց Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Դրանում, մասնավորապես, նշված էր.
«Հիմք ընդունելով ժամանակակից աշխարհում
• Հոգեկան խանգարումների աճը և այդ խնդրում հատկապես տեղեկատվության դերը,
• հասարակական գիտակցության վրա ԶԼՄ-ների աճող ազդեցությունը, ինչպես նաև այդ ազդեցության միջոցով բազմաթիվ չարաշահումների հնարավորությունը,
Հաշվի առնելով լրատվության ոլորտում
կարգավորող հստակ մեխանիզմների անկատարությունը, ինչպես նաև լրագրողական էթիկայի նորմերի բացակայությունը, ինչն իր հերթին մեծ հնարավորություն է ընձեռում իրականությանը չհամապատասխանող, աղավաղված և կանխակալ տեղեկատվության տրամադրման համար
Փաստելով, որ նման իրավիճակը
• Բացասաբար է անդրադառնում բնակչության հոգեկան առողջության վրա, իսկ երեխաների և դեռահասների պարագայում կարող է ունենալ կործանարար ազդեցություն
• հնարավորություն է տալիս հասարակական գիտակցության տարաբնույթ մանիպուլյացիաների, դրանից բխող բոլոր հետևանքներով
Կոչ ենք անում
ԶԼՄ-ներին զերծ մնալ չստուգված, իրականությանը չհամապատասխանող և ավելի շատ բացասական երանգներով տեղեկատվության տրամադրումից
Պատկան մարմիններին՝ ոլորտում առկա վիճակը կարգավորելու նպատակով իրացնել օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորությունները և լրացնել օրենսդրության բացերը»։
Վերջում կոչ էր պարունակվում տվյալ հայտարարությունը չդիտարկել որպես խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ:
Հոգեբան Հրանտ Ավետիսյանն առաջարկեց մեղմել ուղերձի տոնը, ինչպես նաեւ նշել այն դրական միտումները, որոնք առկա են լրատվամիջոցներում, ոչ թե կենտրոնանալ միայն բացասական երեւույթների վրա: «Հակառակ դեպքում լրատվամիջոցները սխալ կընկալեն մեր կոչը», - նշել է նա:
Մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանը նշել է, որ լրատվամիջոցներին նման կոչը կարող է ընկալվել որպես գրաքննության փորձ, հատկապես հաշվի առնելով այն, որ դրանում դիմում կա պետմարմիններին` ոլորտը կարգավորելու, իսկ դա ուղիղ ճանապարհ է դեպի գրաքննություն: Նա նաեւ նշել է, որ էթիկայի կանոնները կամավոր են եւ չեն կանոնակարգվում օրենքով, անհնար է պարտադրել դրանք: Նա առաջարկել է հայտարարության ընդունումը հետաձգել եւ դրանում համապատասխան շտկումներ անել:
Արմեն Սողոյանը, արտահայտված առարկությունները հաշվի առնելով, առաջարկեց առցանց ֆորում կազմակերպել, լրամշակել հայտարարության տեքստը եւ հետո միայն «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» համաժողովի անունից հրապարակել որպես պաշտոնական հայտարարություն:
Նշենք, որ համաժողովի լիագումար նիստի ընթացքում հոգեբան Խաչատուր Գասպարյանը զեկույց է ներկայացրել «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն» թեմայով, որում օրինակներով փորձել է ցույց տալ վատ սենսացիոն լուրերի ազդեցությունը հանրության առողջության վրա ընդհանուր առմամբ:
Փորձագետ Վահրամ Միրաքյանը Երեւանի պետական համալսարանից ներկայացրել է «ՀՀ Օրենսդրությունը որպես հեռուստաեթերի կարգավորմանը խոչընդոտող գործոն» զեկույցը, որում օրինակներով ցույց է տվել, որ գործող օրենքն ուղղակի չի աշխատում, իսկ ինքնասպանությունների մասնագետ Կամո Վարդանյանը նկարագրել է լրատվամիջոցների ազդեցությունը ինքնաագրեսիայի դրսեւորման վրա, ընդհուպ մինչեւ ինքնասպանություն:






