Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան չի կարող մի կողմ քաշվել, երբ որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս. ոտնահարվում են մասնագետների իրավունքները, վարկաբեկվում է նրանց բարի համբավը, այնպիսի տեղեկատվություն է տարածվում, որը տեղեկատվական ոչ մի արժեք չունի եւ վտանգ է ներկայացնում մարդկանց հոգեկան առողջության համար: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի նախահգահ Արմեն Սողոյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու է գիտաժողովի նման թեմա ընտրվել` «ԶԼՄ–ներ եւ հոգեկան առողջություն»:

Նա նշել է, որ այս համաժողովը վերջինն է այն միջոցառումների շարքում, որոնք կազմակերպվել են հոգեկան առողջության միամսյակի շրջանակում: Նախատեսված է դրա ընթացքում գործողությունների որոշակի պլան մշակել`  ինչպես իրավասու մարմիններին, այնպես էլ լրատվամիջոցներին օգնելու` նվազեցնել տրամադրվող տեղեկատվության սթրեսածին ազդեցությունը: 

Լրատվամիջոցների քաղաքականության վրա ազդելու մեխանիզմների մասին խոսելով` Արմեն Սողոյանն ընդունել է, որ իրենք իհարկե չեն կարող լրատվամիջոցներին կոչ անել` հրաժարվել սենսացիաներից, սակայն կարող են նրանց հետ աշխատել վատ լուրերի փոխանցման միջոցների առումով:  Նա նաեւ նշել է, որ իմաստ չի տեսնում սպանությունների եւ բռնության մասին լուրերի թողարկման մեջ, եթե դրանք հասարակական ոչ մի հնչեղություն չունեն, ասենք` ինչ-որ գյուղում հարսը սպանել է սկեսրոջը: Նրա գնահատականով, նման լուրն ընդամենը բռնության քարոզչություն է, որն իր մեջ ոչ մի օգտակար լուր չի պարունակում:   «Քանի որ մարդու մեջ տեղեկատվություն ստանալու, ինչպես գեղեցիկի, այնպես էլ տգեղի հետ առնչվելու պահանջ է դրված, այդ լուրերը բնականաբար պահանջարկ ունեն:  Սակայն ինչով կերակրենք մարդուն, դա էլ կգերակշռի: Եթե մարդկանց կերակրում ենք հիմնականում վատ, դաժան լուրերով, ի վերջո դա սկսում է գերակշռել մարդկանց մեջ եւ անհետեւանք չի անցնում», - նշել է նա:

Արմեն Սողոյանն անկասկած հասակնում է, որ հասարակության մեջ շատ բացասական բաներ կապված են ոչ թե կոնկրետ տեղեկատվության, այլ սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց պնդում է, որ  «որքան ավելի վատ ենք ընկալում դա, այնքան վատը շատանում է»:

Հակադարձելով այն պնդմանը, թե լրատվամիջոցը բիզնես է եւ աշխատում է շուկայի կանոններով եւ եթե սենսացիոն լուրերն ավելի լավ են վաճառվում, կոչերով ոչինչ չես փոխի, Արմեն Սողոյանն ընդամենը նշել է, որ եթե ամեն ինչ արվի միայն բիզնեսի եւ շուկայի կանոններով, ոչ մի զարգացում չի լինի: 

Ինչ վերաբերում է նրան, որ այս հարցի օրենսդրական կարգավորումը հեշտորեն կարող է գրաքննության զենք դառնալ, Արմեն Սողոյանը նշել է, որ պետությունը բավականին առաջ է գնացել հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման, ռազմավարությունների ընդունման եւ այլ առումներով, իսկ լրատվամիջոցները, որոնք սովորաբար պետությունից առաջ են ընկնում, նրա գնահատականով այդ հարցում հետ են մնում:  «Մենք ուզում ենք, որ խաղի որոշակի կանոններ հաստատվեն եւ արձանագրվի, որ չի կարելի այնպես գործել, որ վնաս հասցնես հասարակության հոգեկան առողջությանը: Այսօր լրատվամիջոցների համար «չի կարելի» գոյություն չունի», - ամփոփել է նա: