Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան:

Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաեւ դեղերի արտադրության, արտահանման եւ ներմուծման, մասնագետների փոխայցելություններին, հակահամաճարակային իրավիճակին, ինչպես նաեւ առողջապահական այլ արդիական հարցերի:

Նախարարները մեծապես կարեւորել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Այցի շրջանակում ստորագրվելու է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջեւ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը կնպաստի Հայաստանի եւ Իրանի առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը: